Պատմություն

ՁԱՅՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ն (այսուհետ՝ Կենտրոն) ստեղծվել է ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 10-Ն որոշման համաձայն՝ «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժանման ձևով վերակազմակերպման արդյունքում: Վերջինս հանդիսանում էր Երևան քաղաքի N5 օժանդակ գիշերօթիկ դպրոցի, Երևանի N5 հատուկ դպրոցի իրավահաջորդը:

Կենտրոնի հիմնադրման և ստեղծման գործում կարևորագույն ավանդ ունի ՀՀ վաստակավոր մանկավարժ Վարդուհի Կատինյանը, ում երկար տարիների աշխատանքի և նվիրումի շնորհիվ Կենտրոնը դինամիկ զարգացել և դարձել է հանրապետությունում ներառական կրթության գործընթացի համակարգման և մեթոդաբանության մշակման կարևորագույն սուբյեկտներից մեկը։

Կենտրոնը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ:

ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  • ✦ Կենտրոնի գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգումն է, ինչպես նաև երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու աջակցության միասնական հիմքերի ապահովումը։
  • ✦ Կենտրոնի գործունեության նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։
  • ✦ Կենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ է մատուցում ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողներին, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատողներին, մասնագիտական հանձնաժողովներին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին ու երեխաների կրթության և ուսուցման կազմակերպման գործում շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին ու անձանց՝ իրենց նախաձեռնությամբ։

ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ✦ խորհրդատվությունների տրամադրում.
  • ✦ սեմինարների կազմակերպում.
  • ✦ վերապատրաստման դասընթացներ.
  • ✦ ուսումնամեթոդական նյութերի մշակում և տրամադրում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մասնագետներին:

ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ՝

  • ✦ մանկավարժահոգեբանական աջակցության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական մոտեցման սահմանումը.
  • ✦ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակումը.
  • ✦ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների համակարգումը.
  • ✦ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական–վերլուծական աշխատանքների իրականացումը.
  • ✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազայի ստեղծումը, տվյալների վերլուծությունն ու քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ առաջարկությունների տրամադրումը:

Կենտրոնը համակարգում է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրման հիմքերն արձանագրելու և նրա կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ու առաջարկություններ ներկայացնելու գործընթացները: Կենտրոնը քննարկում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների, անհատական ուսուցման պլանի կազմման և կատարման, կրթության աջակցության ծառայությունների մատուցման կազմակերպման հարցերին առնչվող վեճերը և անհրաժեշտության դեպքում վերանայում արդյունքները։ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ծնողը կարող է արդյունքները բողոքարկել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։

Կենտրոնը համագործակցում է պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ՀՀ տարբեր գերատեսչությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների հետ՝ ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրումն առավել սահուն իրականացնելու նպատակով: Այս ողջ գործունեության նպատակը մեկն է՝ տեսնել յուրաքանչյուր երեխայի շահը և հավասար, մատչելի պայմաններում ապահովել նրա կրթության իրավունքի իրացումը:

211 դիտում
Skip to content