ՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
(Երեխայի անունը փոխված է)
Լևոնն այս տարի ավարտում է հիմնական դպրոցը։ Նա ուշադիր է, հետևողական, կարգապահ, սիրում է ժպտալ և խոսել եղանակի մասին։ Նա իրեն վստահ է զգում և պատրաստ իրեն ընդառաջ եկող կյանքին ոչ միայն որպես շրջանավարտ, այլև՝ որպես մարդ, ով այդ ճանապարհին հաղթահարել է իր դժվարությունները, որոնք շատ տարբեր են մյուսներից։
Մայրը հիմա ոգևորությամբ է խոսում Լևոնի, նրա առաջընթացի ու առօրյայի մասին․ «Այս տարիների ընթացքում երբևէ չէի կարող պատկերացնել, որ կգա ժամանակ, երբ Լևոնը մյուսներին կհուշի, թե ինչ անել։ Բայց այսօր նա նայում է պատին փակցված գրաֆիկին և հիշեցնում մասնագետներին. «Այսօր Աննան պետք է աթոռները մաքրի, ես բույսերը կջրեմ, հետո կգնամ հոգեբանի մոտ»։
Լևոնը հետևում է ոչ միայն իր մաքրությանը, այլև ուշադիր է բոլորի նկատմամբ։ Նա բարձրաձայնում է, երբ ինչ-որ մեկը մոռանում է սրբել սեղանը կամ լվացվել, ու դա անում է չխանգարող, խաղաղ ձայնով՝ միաժամանակ օրինակ լինելով մյուսների համար։
Նա ունի մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներով պայմանավորված մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ աստիճանի աջակցության կարիք, տեղաշարժվում է քայլակով, իրեն հարմարեցված միջավայրում և անծանոթ տարածքում տեղաշարժվելու համար ունի նաև այլ անձի ուղեկցման կարիք։ Մայրիկի օգնությամբ կարողանում էր հաղթահարել և դպրոց հաճախել, իր հնարավորությունների սահմաններում մասնակցում էր դասերին։
Երբ քովիդի համավարակի պատճառով դպրոցները տևական ժամանակ անցան հեռավար ուսուցման, նա ևս բոլոր երեխաների նման մնաց տանը։ Համավարակը նահանջեց, և դասերը վերսկսվեցին, սակայն Լևոնի համար այլևս դժվար էր դպրոց հաճախելը։ Դա նրա համար դարձել էր ամենօրյա մարտահրավերի պես մի բան։
Դպրոցի միջավայրային պայմանները չէին փոխվել․ նույն երրորդ հարկն էր, նույն սանդուղքները՝ առանց վերելակի։ Սակայն Լևոնի մայրն ուժասպառ էր լինում ամեն առավոտ, երբ մեծ ճիգեր գործադրելով փորձում էր տղային հասցնել դասարան։
Լևոնի համար մի նոր փորձություն էր դասը։ Նա չէր հասկանում հանձնարարությունները։ Երբ ուսուցչուհին հարց էր տալիս, արձագանքում էր, բայց բոլորովին այլ թեմայով՝ խոսում էր իր տեսած երազների մասին, եղանակից կամ հեռուստատեսային հերոսներից։ Նա շատ էր ժպտում, շատ էր խոսում, բայց կարծես այդ ժպիտով պաշտպանում էր իրեն մի աշխարհից, որը մշտապես անհասկանալի պահանջներ էր դնում իր առջև։ Դասընկերներից ոմանք լռում էին, ոմանք՝ ծիծաղում։
Ուսուցչուհին վշտացած էր, մայրը՝ հուսահատ․ «Լևոնը կարծես այլևս չէր «հարմարվում» դասարանին։ Դպրոց գնալը հոգնեցնող էր դարձել ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեբանորեն»։
Կարծես ելք չկար․․․
Եվ ահա դպրոցում մեկնարկում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Ռեսուրս-դասարան» փորձարարական նախագիծը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում, այդ թվում տնային ուսուցման պայմաններում սովորող հաղորդակցման և մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներով պայմանավորված մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների որակյալ և մատչելի կրթության կազմակերպմանը՝ իրենց կարիքներին համապատասխան կրթական միջավայրում։ Լևոնը դպրոցի մի քանի աշակերտների հետ ընդգրկվում է վերոնշյալ ծրագրում։
Ռեսուրս դասարանը տեղակայված էր առաջին հարկում, այնպես, որ Լևոնի համար դժվար չէր այնտեղ հասնելը, բայց ամենակարևորը՝ ապահովված էին պայմաններ և միջավայր, որոնց առկայությունը Լևոնի մոտ վստահություն կստեղծեր և կբացահայտեր իր կարողությունները։ Այստեղ հատուկ պահանջներ չկային․ կարևոր էր նպատակը՝ Լևոնը պետք է կրկին զգար, որ ինքը դպրոցի մի մասն է, ներառված է դպրոցական կյանքին։ Սենյակում առկա էին պարզ ու հասկանալի դասապաստառներ՝ պատկերագրերով։ Միջավայրը կազմակերպված էր այնպես, որ հնարավորինս նպաստեր աշակերտների ներառմանը։
Ռեսուրս դասարանում Լևոնի հետ աշխատում էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող-մասնագետ, հատուկ մանկավարժ Լուսինե Հակոբյանը։
Պատմում է Լուսինեն․
«Լևոնի ամենամեծ խնդիրն այն էր, որ նա չուներ ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ, հակառակը, անընդհատ պնդում էր, որ իր մոտ ոչինչ չի ստացվի, հրաժարվում էր պատասխանել, նայել, երբ նրան հարց էինք տալիս, կամ ուղղակի ասում էր, որ ինքը չգիտի։ Մտավախություն կար ոչ թե չհաջողելու (քանի որ հստակ պատկերացնում էինք երեխայի կարողությունները), այլ՝ որ գուցե չկարողանանք համագործակցել մեծահասակների հետ, ովքեր մեզ պետք է աջակցեին՝ դպրոցի անձնակազմ, ծնողներ, բայց նման խնդիր չունեցանք։
Աշխատանքները սկսեցինք հաջողության փոքր քայլերից, փոքր առաջադրանքներից՝ ամենատարրական փոքրիկ հմտությունները ներկայացնելով որպես հաջողություն, հաջողված քայլ։ Լևոնը տեսնում էր, որ որոշակի բաներ կարողանում է անել, և դրանք բարձրացնում էին նրա ինքնագնահատականը։ Կամաց-կամաց նա սկսեց արձագանքել իր միջավայրին․ սկզբում ժպտում էր, հետո սկսեց հարցեր տալ, իսկ մի անգամ էլ ուղղակի առաջարկեց․ «Հաջորդ անգամ ես կբերեմ նկարներս և ցույց կտամ մյուսներին»։
Աստիճանաբար Լևոնը սկսեց կենցաղավարության հմտություններ ձեռք բերել․ սեփական իրերը դասավորել պայուսակի մեջ, մաքրել իր շրջապատը, խնամել բույսերը, ճաշ պատրաստելիս կտրատել բանջարեղենը, հաշվել սպասքը, օգնել մաքրության հարցերում։ Նա նույնիսկ սովորեց գնումներ կատարել՝ ուռուցիկ կոճակներով հաշվիչը դարձավ իր վստահելի օգնականը այդ հարցում։ Սանդուղքներով բարձրանալը հեշտ չէր, բայց ուսուցիչները կազմել էին ճկուն անհատական դասացուցակ, որի համաձայն՝ սովորողը հիմնական դասարան էր բարձրանում շաբաթական երկու-երեք անգամ մայրիկի և ռեսուրս դասարանի մասնագետների ուղեկցությամբ։ Ակնկալիքները, կարելի է ասել, ամբողջությամբ արդարացան։
Դիտարկելով երեխային, հասկանալով նրա ուժեղ կողմերը, դժվարությունները, կարողությունները, սահմանեցինք իրատեսական նպատակներ, որոնք ամբողջությամբ իրականացան։ Ի սկզբանե փոքր քայլեր պլանավորեցինք, որովհետև գիտեինք՝ ժամանակը սուղ է։ Բայց չգիտեինք՝ ծրագիրը շարունակվելու է, թե ոչ։ Իհարկե, եթե հնարավորություն ունենայինք ավելի երկար աշխատել և ավելի երկարաժամկետ նպատակներ սահմանել, թերևս, ավելի լուրջ արդյունքների կհասնեինք։ Ինչ վերաբերում է մարտահրավերներին․․․ Ամենամեծ մարտահրավերը, կարծում եմ, ի սկզբանե երեխայի մասին ձևավորված կարծրատիպերն էին, որ նա չի կարող, չի հաջողի, ընդ որում, այդ մտայնությունը, որ պարապմունքները նրան ոչինչ չեն տա, կար և՛ ծնողների, և՛ ուսուցիչների մոտ։ Միակ խնդիրը դա է եղել»։
Ի՞ՆՉ ՏՎԵՑ ԼԵՎՈՆԻՆ «ՌԵՍՈՒՐՍ ԴԱՍԱՐԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Ծրագրի արդյունավետության մասին են խոսում ծնողների ամենօրյա զանգերը՝ խնդրանքով, որ ծրագիրը շարունակվի։ Նրանք փաստում են, որ 8 տարվա ընթացքում երեխան չի գրանցել այնպիսի հաջողություն, ինչպես այս մեկ տարվա ընթացքում։
«Նույն արձագանքը կա նաև դպրոցի անձնակազմի կողմից, — ասում է Լուսինեն,- Այդ դրական կարծիքները խոսում են այն մասին, որ ծրագրի շրջանակում առաջադրված նպատակները և իրականացված գործողությունները արդարացված են, որովհետև երեխան գրանցել էր այն արդյունքները, որ նրանից չէր ակնկալվում»։
Եվ իսկապես՝ այս տարին շրջադարձային էր Լևոնի կյանքում։
Լևոնը դեռ չի լուծում խնդիրներ կամ գրում շարադրություններ։ Սակայն նա այսօր գլոբալ ընթերցանության մեթոդով սովորել և արդեն կարդում է առօրյայում անհրաժեշտ բառեր և պատկերագրեր, պատմում է օրվա իրադարձություններն ըստ հաջորդականության, լսում է մյուսներին՝ առանց ընդհատելու և առավել ֆունկցիոնալ է դարձել կենցաղում։ Այժմ արդեն, երբ կրկին խոսում է եղանակից, դասարանում լսում են նրան և ընդունում որպես իրենցից մեկին, այլ ոչ՝ որպես խանգարող ձայն։
Իրականում, Լևոնի վերադարձը դասարան չի սկսվել աստիճաններից, այլ՝ նրա ներսում կատարվող փոփոխությունից։ Եվ հենց այդտեղից էլ սկսվում է իրական ներառումը։ Նրա ժպիտը հիմա էլ կա։ Բայց այլ նշանակությամբ՝ ոչ որպես պաշտպանություն, այլ որպես ներգրավվածության, հաղթանակի ու վստահության արձագանք։
03.06.2025