Հրատարակություններ

Արդյունավետ հարմարեցումներ
Որակյալ կրթություն
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ մանկավարժների համար

Սույն ձեռնարկը կառուցված է վերաբերմունքի՝ որպես ներառականության գրավականի, սոցիալական ու ֆիզիկական միջավայրերի հարմարեցման և ուսուցման մեթոդների ու հնարների հիմնահարցերի ներկայացման հիման վրա: Ներկայացված մեթոդներին ու հնարներին կից, որքան էլ որ դրանց քաջածանոթ են մեր մանկավարժները, տրվում են կրթության առանձնահատուկ պայմանների տարբեր կարիքներ ունեցող սովորողների արդյունավետ ուսումնառությունն ու մասնակցությունը խթանող մեթոդական ցուցումներ՝ հարմարեցումների և այլընտրանքային տարրերի նկարագրությամբ: Ձեռնարկի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսուցիչներին, ուսուցչի օգնականներին և կրթական ոլորտում աշխատող այլ մասնագետներին մասնակից լինել համընդհանուր ներառականության գաղափարի ներդրմանը և ինքնուրույն կարողանալ ապահովել անհրաժեշտ հարմարեցումները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կարողություններն ու կրթական կարիքը:

ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՁԵՌՆԱՐԿ
Մեթոդական ուղեցույց
Ուսուցչի օգնականների համար

Սույն ձեռնարկն ուղղված է ուսուցչի օգնականի պարտականությունների և անելիքների հստակեցմանը, ինչպես նաև՝ ուսուցիչների հետ համագործակցության ձևերի նկարագրությանը։
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից։
Առաջին մասում ներկայացվում են ուսուցչի օգնականի աշխատանքի մոդելները` նրա առջև դրված պահանջները և պարտականություններն ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանի Հանրապետությունում:
Երկրորդ մասում ներկայացվում է ուսուցչի օգնականի գործունեության հիմնական բովանդակությունը և իրականացվող աշխատանքների ուղղությունները` որպես հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի:
Երրորդ մասում ներկայացվում է ուսուցչի օգնականի և կրթական գործընթացին մասնակից բոլոր օղակների միջև համագործակցության կարևորությունը, համատեղ իրականացվող աշխատանքները, որոնք միտված են ուսուցման գործընթացի արդյունավետ իրականացմանը:

ՆԵՐԱՌՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԽԱՂԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ մանկավարժների համար

Ձեռնարկը նախատեսված է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Այն նախորդ՝ «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է, որն այս անգամ ներկայացված է գործնական աշխատանքների՝ խաղերի և վարժությունների համակարգված ամբողջությամբ: Ձեռնարկում ներառված են սոցիալ-մշակութային տարբեր խմբերի, խոսքի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, շարժունակության, վարքային և հուզական խանգարումներ ունեցող նախադպրոցականների տարիքային առանձնահատկություններին համապատասխան խաղերի և վարժությունների նկարագրեր՝ հստակ սահմանված նպատակներով, անհրաժեշտ նյութերով, ինչպես նաև՝ մեթոդական ցուցումներով:

«ՄԱՅՐԵՆԻ 1» ԵՎ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 1» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԵՐԻ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի մայրենիի և մաթեմատիկայի աշխատանքային գիրք-տետրերի մշակման գործընթացում հաշվի են առնվել սովորողների գիտելիքների և կարողությունների ձևավորման ժամանակակից մոտեցումները, որոնց հիմքում ընկած է ուսուցման շտկող-զարգացնող ուղղվածության սկզբունքը:
Ուսուցչի սույն մեթոդական ուղեցույցում ներկայացված թեմաները և ընդգրկված առաջադրանքների մեթոդական մշակումները խարսխվում են նշված սկզբունքի վրա:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
Հանրակրթական ուսուﬓական հաստատությունների առաջին դասարանի սովորողների համար

Սույն աշխատանքային գիրք-տետրի նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին «Մաթեմատիկա» առարկայի նախաթվային շրջանի ուսումնառության ընթացքում լրացուցիչ, առավել պարզեցված և հարմարեցված ուսումնական նյութերի տրամադրումն է:

ՄԱՅՐԵՆԻ 1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
Հանրակրթական ուսուﬓական հաստատությունների առաջին դասարանի սովորողների համար

Սույն աշխատանքային գիրք-տետրի նպատակը հանրակրթական ուսումնկան հաստատությունների առաջին դասարանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին «Մայրենի» առարկայի նախաայբբենական շրջանի ուսումնառության ընթացքում լրացուցիչ, առավել պարզեցված և հարմարեցված ուսումնական նյութերի տրամադրումն է:

Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում
Խորհուրդներ ուսուցիչներին
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ

Հեռավար ուսուցման անհրաժեշտությունը, պայմանավորված ՔՈՎԻԴ-19 համավարակով, դարձավ դարի մարտահրավեր, որը հնարավորություն տվեց ձևավորելու և զարգացնելու ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության գործընթացին մասնակից լինելու արժեքավոր կարողություններ ու հմտություններ:
Հեռավար կրթության հմտությունները հնարավորություն կտան հետագայում էլ հաղթահարելու տարբեր պատճառներով կրթության շարունակականության հետ կապված խնդիրները:
Սի­րե­լի՛ ու­սու­ցիչ, հետևե­լով սույն ձեռնարկում ներ­կա­յաց­ված խոր­հուրդ­նե­րին, կարող եք կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը` ապահովելով դրա շարունակականությունը:

Ինչպես խթանել երեխայի ներառումը հեռավար ուսուցման մեջ
Խորհուրդներ ծնողներին
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ

Սույն ձեռնարկը մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը ՔՈ­ՎԻԴ-19 համավարակի ընթացքում» ծրագրի շրջա­նակ­նե­րում և ուղղ­ված է տան պայմաններում ի­րենց ե­րե­խա­նե­րի կրթութ­յանն ա­ջակ­ցող բո­լոր ծնող­նե­րին, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին: Ձեռնարկում մատչելի լեզվով ներկայացված է, թե ինչ պայմաններ կարող են ստեղծել ծնողները, որպեսզի խթանեն իրենց երեխաների նե­րա­ռու­մը հեռա­վար ձևա­չա­փով կազմակերպ­ված դա­սե­րին և պարապմունքներին: Ձեռնարկի հիմնարար հատվածը վերաբերվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախապատրաստմանը հեռավար ուսուցման, ինչպես նաև այդ պայման­նե­րում նրանց հոգեկան առողջության և հու­զա­կան կայունութ­յան պահ­պան­մա­նը: Ձեռնարկի բոլոր բաժինները հագեցած են բազմաթիվ հուշումներով և գործ­նա­կան առաջարկներով, ներառում են ինչպես տե­սա­կան տեղեկություններ, այնպես էլ կիրառական խորհուրդներ:

Ինչպես խթանել ներառումը դասարանում
Մեթոդական ուղեցույց ուսուցիչների համար

Ձեռնարկը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասում ներկայացվում են ներառական կրթության հիմնախնդիրները, մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները։ Դրանք ներկայացվում են իրավական ակտերի, ուսուցիչների, ծնողների և կրթության մասնագետների դիտանկյունից։ Երկրորդ մասում ներկայացվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության և զարգացման առանձնահատկությունները, արդյունավետ ռազմավարությունները, մեթոդները, հնարները, հարմարեցումները, որոնք կարող են կիրառվել հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Երրորդ մասում ներկայացվում են ուսուցիչ-ծնող-մասնագետ արդյունավետ համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, կրթական գործընթացի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները։ Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, կրթության մասնագետների և կրթության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:

Ինչպես կարգավորել Երեխայի վարքը՝ չանտեսելով նրա առանձնահատկությունները
Մեթոդական ձեռնարկ ծնողների համար

Սույն ձեռնարկում քննարկվում են երեխայի վարքում հաճախ ծագող որոշ խնդիրների առաջացման հնարավոր պատճառներն ու դրանց հաղթահարման հնարավոր եղանակները: Ներկայացված են նաև խաղեր, որոնք կօգնեն Ձեզ հոգեբանորեն անվնաս և արդյունավետ ձևով շտկել երեխայի վարքում առկա խնդիրները: Մեթոդական ձեռնարկը հասցեագրված է ծնողներին և բոլոր նրանց, ում համար կարևոր է երեխայի ներդաշնակ զարգացումը:

Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ձեռնարկ մանկավարժների համար

Սույն ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար:
Ձեռնարկի առաջին մասում ներկայացված են ներառական կրթության արդյունավետ իրականացման հիմնական մոտեցումները, մանկավարժահոգեբանական եռամակարդակ աջակցության տրամադրման մեխանիզմները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հիմնական գործընթացները:
Ձեռնարկի երկրորդ մասում ներառված են խոսքի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, շարժունակության, վարքային և հուզական խանգարումներ ունեցող նախադպրոցականների կրթության կազմակերպման ռազմավարությունները: Այս մասում Դուք կծանոթանաք տարիքային զարգացման սանդղակով ներկայացված ցուցիչների համակարգին: Յուրաքանչյուր խանգարման համար տրված ուսումնական, մասնագիտական և միջավայրային ցուցումները կուղղորդեն առավել արդյունավետ կազմակերպել նախադպրոցականների կրթական գործընթացը:
Ձեռնարկում ներկայացված են նաև առանձին դեպքերի նկարագրություններ, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել Ձեր գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները և իրականացնել համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուր ենթաբաժնից հետո տրված է գրականության ցանկ, որի միջոցով կարող եք հավելյալ տեղեկատվություն ստանալ և առավել զարգացնել Ձեր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (3)
Մեթոդական ուղեցույց

Սույն ձեռնարկում ներկայացված են արվեստի միջոցով իրականացվող աջակցության ուղղությունների շրջանակներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հոգեկան զարգացման գործընթացն ապահովող աջակցության մեթոդներ և ձևեր, տեսական և գործնական աշխատանքներ: Ներկայացված յուրաքանչյուր ուղղությանը կից տրամադրված գործնական աշխատանքները ներառում են զարգացնող բնույթի վարժություններ, անհատական և խմբային պարապմունքների ձևանմուշներ, խաղեր, հեքիաթներ և այլն:
Ձեռնարկի առաջին մասում ներկայացված է արվեստի միջոցով իրականացվող աջակցության ամենատարբեր ուղղությունների մասին հակիրճ տեղեկատվություն՝ համապատասխան գործնական մի քանի վարժություններով, իսկ երկրորդ մասում առավել մանրամասն տրված է ավազով աշխատանքի, հեքիաթի, երաժշտության, պարային արվեստի տեսագործնական նյութի առավել ընդգրկուն և գործնական առաջադրանքներով հագեցած փաթեթ:
Ձեռնարկը նախատեսված է մանկավարժահոգեբանական աջակցություն մատուցող մասնագետների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների, ինչպես նաև՝ ՆՈՒՀ-երի մասնագետների համար:

Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (2)
Մեթոդական ուղեցույց
Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ
Ձեռնարկ հոգեբանների համար

ՀՄԿ Աջակցության ծառայությունների բովանդակության մշակման բաժնի մասնագետների կողմից մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ» (2) մեթոդական ուղեցույցը: Սույն ձեռնարկում ներկայացված են երեխայի աուտիստիկ սպեկտորի խանգարումների ընդհանուր բնութագիրն ու էությունը, դրսևորման ոլորտները, հոգեախտորոշման հիմնական փուլերը, վաղ մանկական տարիքից մինչև կրտսեր դպրոցական տարիքը դրսևորվող աուտիզմի հիմնական ցուցիչները: Ներկայացված են նաև հոգեբանական աջակցության սկզբունքներն ու առանձնահատկությունները, հոգեբանական աշխատանքների ընթացքում կիրառվող տեխնիկաները, մոտեցումներն ու հնարները: Կարևորվել են նաև աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաների սոցիալական հարմարման հիմնախնդիրները:
Ձեռնարկը նախատեսված է ներառական կրթական հաստատությունների տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների և հատուկ հոգեբանների համար: Այն օգտակար կարող է լինել նաև ԲՈՒՀ-երում հոգեբանական կրթություն ստացող ուսանողների ինչպես նաև՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների համար:

Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (1)
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ հոգեբանների համար

ՀՄԿ Աջակցության ծառայությունների բովանդակության մշակման բաժնի մասնագետների կողմից մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ» մեթոդական ուղեցույցը: Սույն ձեռնարկում ներկայացված են երեխայի հոգեկան զարգացման, հուզակամային, շփման և հաղորդակցման, վարքային խնդիրների դեպքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող հոգեբանական աջակցության սկզբունքները, նրանց բնորոշ առանձնահատկությունները, աշխատանքային ոլորտները, տեխնիկաներն ու հնարները: Արտացոլված է նաև խնդրի աստիճանի և աջակցության փոխպայմանավորվածությունը, աջակցման անհատական մոտեցումը: Ձեռնարկն ուղղված է ներառական կրթական հաստատությունների հոգեբաններին և նպատակ է հետապնդում զարգացնել նրանց գործնական հմտությունները՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելիս:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ

Ձեռնարկը նախատեսված է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար, ովքեր իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը: Ձեռնարկը մշակվել է ՀՄԿ մասնագետների կողմից և տպագրվել ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը տարածքային մակարդակում
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ

Ձեռնարկը նախատեսված է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար, ովքեր իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը: Ձեռնարկը մշակվել է ՀՄԿ մասնագետների կողմից և տպագրվել ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

Զարգացման խանգարումներ եվ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցությունը

Ձեռնարկում քննարկվող բոլոր մոտեցումները հիմնված են մասնագիտական բազմամյա պրակտիկայի վրա`միաժամանակ ունենալով գիտական-տեսական հիմնավորում:
Առավել նշանակալի է ձեռնարկում վեր հանված մասնագետների կողմից թույլ տրվող այնքան կարևոր մասնագիտական բացթողումներ, ինչպես օրինակ` ծնողի հետ աշխատանքում առաջ եկող վրիպումների և մասնագիտական էթիկական առանձնահատկությունների դիտարկումն է կամ մասնագիտական աշխատանքի նախնական փուլում զարգացման և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ փոխվստահության ձևավորումը:
Ձեռնարկի մեկ այլ շատ էական առավելությունն է առաջին հանդիպման և այլ դեպքերում ի հայտ եկող խնդրահարույց վարքային դրսևորումների անդրադարձը, դրանց մասնագիտական, սակայն միևնույն ժամանակ պարզ և հանրամատչելի վերլուծությունը և մասնագիտական լուծումների մոտեցումները:
Հատկանշական են նաև ձեռնարկում առկա մասնագիտական գործիքները` հետազոտման քարտի լրացման ձևաթուղթը, «CARS» ախտորոշման սանդղակի հայերեն թարգմանված տարբերակը, որն անգնահատելի աջակցություն է տվյալ ոլորտում աշխատող ցանկացած մասնագետի համար:
Ձեռնարկը հրաշալի գործնական ուղեցույց կհանդիսանա յուրաքանչյուր զարգացման և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետի համար:

Մանկավարժահոգեբանական գնահատման եվ աջակցության գործընթացների կազմակերպումը աջակցության կենտրոններում
Մեթոդական ուղեցույց

Սույն ձեռնարկի նպատակը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է: Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք:
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից:
Առաջին մասում տրված են ընդհանուր ցուցումներ երեխայի մանկավարժահոգեբանական հետազոտություն իրականացնելու վերաբերյալ:
Երկրորդ մասում ներկայացված են մանկավարժահոգեբանական հետազոտության ընթացքում կիրառվող գործնական նյութեր և մեթոդիկաներ:
Երրորդ մասը պարունակում է մասնագիտական գնահատման և աջակցության տրամադրման համար անհրաժեշտ առաջարկվող փաստաթղթային փաթեթ, որը թույլ կտա գնահատման արդյունքների հիման վրա հեշտությամբ մշակել երեխայի հատուկ կարիքներին համապատասխան անհատական զարգացման ծրագիր:

Ծնողավարության ձեռնարկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների հետ աշխատանքների համար

Սույն ձեռնարկում ներկայացված են նաև ծնող-մասնագետ փոխհարաբերություններում առկա խնդիրներն ու վերջինիս հաղթահարման ուղիները, քանի որ ծնողավարությունն իր մեջ ներառում է ինչպես աշխատանք ծնողների հետ՝ պայմանավորված երեխայի դժվարություններով, այնպես էլ գործընթաց՝ ուղղված ծնողների հետ փոխվստահության, փոխհամագործակցության մթնոլորտի ստեղծմանը։
Այն նախատեսված է նախադպրոցական, կրտսեր և ավագ դպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների հետ աշխատող մասնագետների համար: Այն ուղեցույց է մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև սոցիալական հոգածություն և ներառական կրթություն իրականացնող հաստատությունների մասնագետների համար: Ձեռնարկում զետեղված տեղեկատվությունը կարելի է կիրառել ինչպես խմբային, այնպես էլ անհատական աշխատանքներ իրականացնելիս:
Այստեղ ներկայացված են նաև մասնագիտական փորձի հիման վրա մշակված տարատեսակ վարժություններ, մեթոդներ, հնարներ, հարցարաններ, որոնք թույլ կտան հոգեբաններին կազմակերպել լիարժեք, արդյունավետ աջակցություն, ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների հետ: Շեշտադրվում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ աշխատանքների կազմակերպումը, քանի որ այս խնդիրը հասարակության շրջանում դեռևս մնում է թիրախային:

Skip to content