Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։
Կենտրոնի կողմից իրականացվում են վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մեթոդական ուղեցույցների, նյութերի և ձեռնարկների բովանդակային մշակումներ, որոնք միտված են ներառական կրթության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և նրանում ներգրավված անձանց մասնագիտական որակների բարելավմանն ու կատարելագործմանը։
Իր գործառույթի շրջանակներում Կենտրոնն իրականացնում է գնահատման արդյունքների բողոքարկման, մշտադիտարկման և հանրային իրազեկման աշխատանքներ, որոնք նպաստում են ներառականության հասարակական ընկալման բարձրացմանը։
Կենտրոնում գործում են նաև այլընտրանքային նախագծեր՝ կավագործության սենյակ և ներառական թատերախումբ, որոնց միջոցով երեխաներն առնչվում են արվեստին, հաղորդակցվում միմյանց հետ՝ բացահայտելով իրենց ներուժն ու հնարավորությունները։
Կենտրոնը համագործակցում է պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ՀՀ տարբեր գերատեսչությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների հետ՝ Հայաստանի Հանրապետությունում բոլոր երեխաների համար մատչելի կրթական միջավայր և հնարավորություններ ապահովելու նպատակով։