Հաճախ տրվող հարցեր

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում. ««Հանրակրթության մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (հոդված 12,13,14), «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգով», Հայաստանի Հանրապետության կառավարության բազմաթիվ որոշումներով և ծրագրերով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենսդրությունը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Ընտանեկան օրենսգիրքը, «Կրթության մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքները, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 1992թ.-ին, այլ օրենքներ և իրավական ակտեր։

Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հավելված N 1 ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 19-ի
N 1330-Ն որոշման

ՑԱՆԿ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(կոդերը` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների
վիճակագրական դասակարգչի)

Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են`
1) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ`
ա. հետէնցեֆալիտային համախտանիշ (F 07.1),
բ. հետկոնտուզիոնային համախտանիշ (F 07.2),
գ. շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ (F20-F29),
դ. տրամադրության աֆեկտիվ խանգարումներ (F30-F39),
ե. նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ (F40-F48),
զ. վարքային համախտանիշներ` պայմանավորված ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով (F50-F59),
է. մտավոր հետամնացություն` խնամք և բուժում պահանջող վարքի զգալի խանգարումներով (F70.1-F71.1) (F70.8-F71.8),
ը. մտավոր հետամնացություն (F72-F79),
թ. հոգեբանական զարգացման խանգարումներ (F80-F89),
ժ. սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90-F98),
ժա. հոգեկան խանգարումներ` առանց լրացուցիչ ճշտումների (F99).
2) նյարդային համակարգի հիվանդություններ`
ա. սիստեմային ատրոֆիաներ` գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ (G10-G13),
բ. արտաբրգային և այլ շարժողական խանգարումներ (G20-G26),
գ. նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ (G31.0, G31.8, G31.9, G32, բացառությամբ G 31.1-ի),
դ. կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ (G35-G37),
ե. էպիլեպսիա (G40)` հաճախակի ցերեկային ցնցումային նոպաներով, որոնք չեն ենթարկվում հակաէպիլեպտիկ դեղորայքային բուժման,
զ. նյարդամկանային սինապսի հիվանդություններ, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) և այլ միոպաթիաներ (G70, G71, G72),
է. մանկական ուղեղային պարալիզ և այլ պարալիտիկ համախտանիշներից` սպաստիկ կվադրիպարեզը (G80.0, G82) և դիսկինետիկ ձևը (G80.3),
ը. ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային) (G04-G06).
3) բնածին շեղումներ (զարգացման արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ)`
ա. ողնուղեղային ճողվածք (Q05)` բացառությամբ ողնաշարի փակ ճեղքվածքի (Q76),
բ. ողնաշարի և ողնուղեղի բնածին այլ անկանոնություններ (Q06),
գ. նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ (Q07),
դ. ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ և ձևափոխումներ (Q65-Q79).
4) այլ օրգան-համակարգերի խանգարումներ`
ա. ռևմատիզմ` ակտիվ փուլում` շարունակական ռեցիդիվող ընթացքով (I 00-I 01),
բ. պանկարդիտ (I 51.8, I 05.8),
գ. սրտի բնածին արատներ` սուբկոմպենսացիայի և դեկոմպենսացիայի փուլում (Q20-Q24),
դ. քրոնիկ թոքաբորբ` տարածուն պրոցեսի և արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում (J84.1),
ե. հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատև ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա (J46),
զ. նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ (N 03, N 05, N 08, N 13, N 18-N 19),
է. մուկովիսցիդոզի ծանր ձևեր (E84.9),
ը. քրոնիկ հեպատիտ և ասցիտի երևույթներով ընթացող լյարդի ցիրոզ (K74.6),
թ. տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ (C00-C99),
ժ. արյան մակարդելիության խանգարում` տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում (հեմոֆիլիայի ծանր ձև) (D66-D68),
ժա. շնչական օրգանների տուբերկուլյոզ, ծանր ձև, բացիլակրության (վարակելի) շրջանում, արտահայտված թոք-սրտային անբավարարությամբ (A 15),
ժբ. հետայրվածքային ծանր վիճակներ` ռեաբիլիտացիայի շրջանում հատկապես այլանդակող ձևախեղումների առկայության դեպքում կամ շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով կամ հոդերի խիստ արտահայտված սահմանափակումներով ուղեկցվող վիճակների ժամանակ (T20-T32),
ժգ. վնասվածքներ և հիվանդություններ, որոնց հանգեցնում են տեղաշարժման սահմանափակման, կամ տնային պայմաններում խնամքի, կամ մեկուսացման կազմակերպման անհրաժեշտության` հիվանդության սկզբից 22 և ավելի օր տևողությամբ:
Տնային ուսուցման իրավունք վերապահելիս հիմք են ընդունվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքները: Մասնավորապես, բացի սույն հավելվածի 1-ին կետում սահմանված հիվանդությունների, տնային ուսուցման իրավունք են վերապահում նաև համապատասխան բժիշկ-մասնագետների եզրակացությամբ հաստատված այն հիվանդությունների (այդ թվում` վիճակները կամ խանգարումները) առկայությունը, որոնք դրսևորվում են ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով և ուղեկցվում գործունեության և մասնակցության ծանր և խորը խանգարումներով`
1) անձի շարժունակության (ինքնուրույն տեղաշարժում, դիրքի երկարատև պահպանում կամ ինքնասպասարկում) արտահայտված սահմանափակումը.
2) սոցիալական հարմարվածության (ադապտացիա) արտահայտված խանգարումը.
3) իր անձի կամ շրջապատի նկատմամբ վտանգավոր վարքագծի (ագրեսիվ, ավերիչ, փսիխոպաթոնման, ինքնավնասման, սուիցիդալ) առկայությունը.
4) կենսական ֆունկցիաների երկարատև արտահայտված խանգարումները, այդ թվում` շնչական, սիրտ-անոթային, կոնքի օրգանների գործառնության, մաշկի (օրինակ` պառկելախոցեր, սնուցման այլ խանգարումներ).
5) իմունիտետի խորն ընկճում, որը պահանջում է երկարատև մեկուսացում (վարակներից խուսափելու նպատակով):
Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետում նշված հիվանդությունների դեպքում տնային ուսուցման տևողությունը սահմանվում է անհատական, ելնելով`
1) երեխայի բուժման առաջընթացից և վիճակից` հիմք ընդունելով համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից տրված բժշկական եզրակացությունը.
2) ներառական կրթություն ստանալու ֆիզիկական մատչելիությունից:

Շատ ծնողներ պնդում են, որ երեխան մնա նույն դասարանում, կրկնի դասընթացը, տառերն ավելի լավ սովորի և այլն: Հարկ է նշել, որ սա լավագույն որոշումը չի կարող լինել, որովհետև երեխան պետք է սովորի և մեծանա իր տարիքային խմբի, իր ընկերների հետ: 

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացնում է նախադպրոցական տարիքից սկսած՝ մինչև 18 տարեկանը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող է ճանաչվում այն երեխան, ով ունի ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում զարգացման, ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ, և ում կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման գործընթացն իրականացվում է կրթական յուրաքանչյուր աստիճանի առաջին տարում (առաջին, հինգերորդ և տասներորդ դասարաններում), ինչպես նաև, երբ երեխայի մոտ ուսումնառության ընթացքում արտակարգ իրավիճակներով պայմանավորված նկատվում են կայուն դժվարություններ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է 2 փուլով.

  • 1-ին՝ դպրոցական կամ նախադպրոցական մակարդակի գնահատում, որն իրականացվում է հաստատության ուսուցիչների, մանկավարժական աշխատողների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից՝ բացահայտելու կրթության գործընթացում երեխայի արդյունավետ մասնակցության սահմանափակումները, դրանք առաջացնող միջավայրային խոչընդոտող գործոնները և դրանց հաղթահարման խթանիչ գործոնները:
  • 2-րդ՝ տարածքային մակարդակի գնահատում, որն իրականացվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից՝ որոշելու երեխայի մոտ այս կամ այն ֆունկցիայի խանգարման աստիճանը, և դրանով կամ դրանցով պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատումը իրականացվում է երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն և երեխայի շփման այլ միջավայրում)։ Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կամ երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը։

Կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման գործընթացը Դպրոցական մակարդակում տևում է 10-15 աշխատանքային օր:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը Տարածքային մակարդակում տևում է նվազագույնը մեկ շաբաթ:

Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է ուսումնական հաստատությունում տվյալ երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնող մանկավարժական աշխատողների խումբ, որը ներառում է Տարածքային կենտրոնի առնվազն 3 մասնագետ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան և սոցիալական մանկավարժ: Տարածքային մակարդակի գնահատմանը մասնակցում են նաև երեխայի ուսումնական հաստատության աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները, երեխան և իր ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):

Երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունն ու Գնահատման եզրակացությունը ծնողի կողմից ստանալուց հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, ուսումնական հաստատության տնօրենը դիմում է տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը: Վկայագրման գործընթացի համար անհրաժեշտ է ներակայացնել դիմում ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից՝ ըստ տարածաշրջանի մարզպետարան կամ Երևանի քաղաքապետարան: Դիմումին կից ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականի, սոցիալական քարտի, ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենները, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կամ Հանրապետական  մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացության բնօրինակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:

Եթե ծնողը համաձայն չէ Տարածքային կենտրոնի կողմից իր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի երկրորդ մակարդակի գնահատման արդյունքների հետ, ապա նա կարող է բողոքարկել գնահատման արդյունքները Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն: Հանրապետական մանակավարժահոգեբանական կենտրոնն ընթացք է տալիս երեխայի ծնողի գրավոր բողոքին՝ կապված Տարածքային կենտրոնի կողմից իր երեխայի երկրորդ մակարդակի գնահատման արդյունքների հետ ունեցած  իր անհամաձայնության, այն ստանալու օրվանից առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Երեխայի կրթական կարիքի գնահատումն իրականացվում է բացառապես անվճար հիմունքներով:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, ուսումնական հաստատություններին, երեխայի կրթության և զարգացման հարցերով զբաղվող կազմակերպություններին և մասնագետներին (հոգեբաններ, ուսուցչի օգնականներ, հատուկ ու սոցիալական մանկավարժներ և այլ մասնագետներ) տրամադրում է մանկավարժական, այդ թվում`հատուկ մանկավարժական և հոգեբանական խորհրդատվություն:

Ուսումնական հաստատությունները կամ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները կարող են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին ներկայացնել խորհրդատվության հայտ՝ նշելով անհրաժեշտ խորհրդատվության թեման։ Հայտը ստանալուց հետո, կենտրոնի մասնագետները կապ կհաստատեն տվյալ ուսումնական հաստատության հետ՝ համաձայնեցնելու խորհրդատվության օրն ու ժամը։

Անհատները կամ երեխայի կրթության և զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունները կարող են կապ հաստատել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ՝ հեռախոսազանգի, էլեկտրոնային փոստի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով, ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերը կամ անհրաժեշտ խորհրդատվության թեման:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար պետք է հետևել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարություններին, որտեղ նշվում է դասընթացի թեման, անցկացման ամսաթիվը և մասնակցության համար գրանցման պայմանները:

Անհատական ուսուցման պլանը մշակվում է միայն այն դեպքում, երբ սովորողը Տարածքային մակարդակում գնահատվել և ճանաչվել է՝ որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի (ՀՀ ԿԳՄՍՆ 370-Ն հրաման):

Եթե ուսումնական հաստատությունում չկան համապատասխան ծառայություններ մատուցող մասնագետներ, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնից (ՀՀ ԿԳՄՍՆ 370-Ն հրաման):

Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում: Տարածքային կենտրոնում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, Տարածքային կենտրոնի միջոցներով, դասերից հետո, ըստ նախատեսված տևողության և ծավալի:

Անհատական ուսուցման պլանի մշակումը համագործակցային գործընթաց է, որին մասնակցում են սովորողը, սովորողի ծնողը, դասավանդող ուսուցիչներն ու մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները։ Անհատական ուսուցման պլանը մշակվում է մեկ ուսումնական տարվա համար:

Կանխարգելիչ միջամտությունների պլանը մշակվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի Դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում՝ թեթև աստիճանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար՝ մեկ կիսամյակի կտրվածքով:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում աջակցությունն իրականացվում է 3-6՝ նախադպրոցական տարիքի և
18-ից բարձր տարիքի՝ բարդ և բազմակի խնդիրներ ունեցող անձանց հետ:
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը իրականացվում է անվճար հիմունքներով:
Հանրապետական մանակավարժահոգեբանական կենտրոնում աջակցություն ստանալու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել.
  • երեխայի ծննդյան վկայականը,
  • ծնողի անձնագիրը,
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացությունը:
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման պայմանագիրը կնքվում է 6 ամիս ժամկետով:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում աջակցող մասնագետները ընտրվում են՝ ելնելով երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տեսակից՝ տրամադրելով հատուկ մանկավարժական, հոգեբանական և
սոցիալ-մանկավարժական ծառայություն:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններն իրականացնում են ձեռնարկների, հոդվածների, ուսումնաօժանդակ նյութերի և/կամ հարմարեցված նյութերի, դիդակտիկ և խաղային պարագաների մշակումներ:
Skip to content