Սույն ձեռնարկում քննարկվում են երեխայի վարքում հաճախ ծագող որոշ խնդիրների առաջացման հնարավոր պատճառներն ու դրանց հաղթահարման հնարավոր եղանակները: Ներկայացված են նաև խաղեր, որոնք կօգնեն Ձեզ հոգեբանորեն անվնաս և արդյունավետ ձևով շտկել երեխայի վարքում առկա խնդիրները: Մեթոդական ձեռնարկը հասցեագրված է ծնողներին և բոլոր նրանց, ում համար կարևոր է երեխայի ներդաշնակ զարգացումը:
Սույն ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար:
Ձեռնարկի առաջին մասում ներկայացված են ներառական կրթության արդյունավետ իրականացման հիմնական մոտեցումները, մանկավարժահոգեբանական եռամակարդակ աջակցության տրամադրման մեխանիզմները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հիմնական գործընթացները:
Ձեռնարկի երկրորդ մասում ներառված են խոսքի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, շարժունակության, վարքային և հուզական խանգարումներ ունեցող նախադպրոցականների կրթության կազմակերպման ռազմավարությունները: Այս մասում Դուք կծանոթանաք տարիքային զարգացման սանդղակով ներկայացված ցուցիչների համակարգին: Յուրաքանչյուր խանգարման համար տրված ուսումնական, մասնագիտական և միջավայրային ցուցումները կուղղորդեն առավել արդյունավետ կազմակերպել նախադպրոցականների կրթական գործընթացը:
Ձեռնարկում ներկայացված են նաև առանձին դեպքերի նկարագրություններ, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել Ձեր գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները և իրականացնել համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուր ենթաբաժնից հետո տրված է գրականության ցանկ, որի միջոցով կարող եք հավելյալ տեղեկատվություն ստանալ և առավել զարգացնել Ձեր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: