Հրատարակություններ 2017

Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (1)
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ հոգեբանների համար

ՀՄԿ Աջակցության ծառայությունների բովանդակության մշակման բաժնի մասնագետների կողմից մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ» մեթոդական ուղեցույցը: Սույն ձեռնարկում ներկայացված են երեխայի հոգեկան զարգացման, հուզակամային, շփման և հաղորդակցման, վարքային խնդիրների դեպքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող հոգեբանական աջակցության սկզբունքները, նրանց բնորոշ առանձնահատկությունները, աշխատանքային ոլորտները, տեխնիկաներն ու հնարները: Արտացոլված է նաև խնդրի աստիճանի և աջակցության փոխպայմանավորվածությունը, աջակցման անհատական մոտեցումը: Ձեռնարկն ուղղված է ներառական կրթական հաստատությունների հոգեբաններին և նպատակ է հետապնդում զարգացնել նրանց գործնական հմտությունները՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելիս:

Զարգացման խանգարումներ եվ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցությունը

Ձեռնարկում քննարկվող բոլոր մոտեցումները հիմնված են մասնագիտական բազմամյա պրակտիկայի վրա`միաժամանակ ունենալով գիտական-տեսական հիմնավորում:
Առավել նշանակալի է ձեռնարկում վեր հանված մասնագետների կողմից թույլ տրվող այնքան կարևոր մասնագիտական բացթողումներ, ինչպես օրինակ` ծնողի հետ աշխատանքում առաջ եկող վրիպումների և մասնագիտական էթիկական առանձնահատկությունների դիտարկումն է կամ մասնագիտական աշխատանքի նախնական փուլում զարգացման և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ փոխվստահության ձևավորումը:
Ձեռնարկի մեկ այլ շատ էական առավելությունն է առաջին հանդիպման և այլ դեպքերում ի հայտ եկող խնդրահարույց վարքային դրսևորումների անդրադարձը, դրանց մասնագիտական, սակայն միևնույն ժամանակ պարզ և հանրամատչելի վերլուծությունը և մասնագիտական լուծումների մոտեցումները:
Հատկանշական են նաև ձեռնարկում առկա մասնագիտական գործիքները` հետազոտման քարտի լրացման ձևաթուղթը, «CARS» ախտորոշման սանդղակի հայերեն թարգմանված տարբերակը, որն անգնահատելի աջակցություն է տվյալ ոլորտում աշխատող ցանկացած մասնագետի համար:
Ձեռնարկը հրաշալի գործնական ուղեցույց կհանդիսանա յուրաքանչյուր զարգացման և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետի համար:

Մանկավարժահոգեբանական գնահատման եվ աջակցության գործընթացների կազմակերպումը աջակցության կենտրոններում
Մեթոդական ուղեցույց

Սույն ձեռնարկի նպատակը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է: Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք:
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից:
Առաջին մասում տրված են ընդհանուր ցուցումներ երեխայի մանկավարժահոգեբանական հետազոտություն իրականացնելու վերաբերյալ:
Երկրորդ մասում ներկայացված են մանկավարժահոգեբանական հետազոտության ընթացքում կիրառվող գործնական նյութեր և մեթոդիկաներ:
Երրորդ մասը պարունակում է մասնագիտական գնահատման և աջակցության տրամադրման համար անհրաժեշտ առաջարկվող փաստաթղթային փաթեթ, որը թույլ կտա գնահատման արդյունքների հիման վրա հեշտությամբ մշակել երեխայի հատուկ կարիքներին համապատասխան անհատական զարգացման ծրագիր:

Ծնողավարության ձեռնարկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների հետ աշխատանքների համար

Սույն ձեռնարկում ներկայացված են նաև ծնող-մասնագետ փոխհարաբերություններում առկա խնդիրներն ու վերջինիս հաղթահարման ուղիները, քանի որ ծնողավարությունն իր մեջ ներառում է ինչպես աշխատանք ծնողների հետ՝ պայմանավորված երեխայի դժվարություններով, այնպես էլ գործընթաց՝ ուղղված ծնողների հետ փոխվստահության, փոխհամագործակցության մթնոլորտի ստեղծմանը։
Այն նախատեսված է նախադպրոցական, կրտսեր և ավագ դպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների հետ աշխատող մասնագետների համար: Այն ուղեցույց է մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև սոցիալական հոգածություն և ներառական կրթություն իրականացնող հաստատությունների մասնագետների համար: Ձեռնարկում զետեղված տեղեկատվությունը կարելի է կիրառել ինչպես խմբային, այնպես էլ անհատական աշխատանքներ իրականացնելիս:
Այստեղ ներկայացված են նաև մասնագիտական փորձի հիման վրա մշակված տարատեսակ վարժություններ, մեթոդներ, հնարներ, հարցարաններ, որոնք թույլ կտան հոգեբաններին կազմակերպել լիարժեք, արդյունավետ աջակցություն, ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների հետ: Շեշտադրվում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ աշխատանքների կազմակերպումը, քանի որ այս խնդիրը հասարակության շրջանում դեռևս մնում է թիրախային:

Skip to content