2025թ․ նոյեմբերի 26-ին Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի և «Ներառում Հայաստան» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻՄՔ» խորագրով աշխատաժողով։ Աշխատաժողովի ուղերձն էր ներդնել կառուցողական փոխգործակցության վրա հիմնված գիտակրթական միջոցառումներ կազմակերպելու մշակույթ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025–2026 ուսումնական տարին «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» հռչակելու շրջանակներում։
Աշխատաժողովի ուղերձն էր ներդնել կառուցողական փոխգործակցության վրա հիմնված գիտակրթական միջոցառումներ կազմակերպելու մշակույթ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025–2026 ուսումնական տարին «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» հռչակելու շրջանակներում։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ կրթության տեսչական մարմնի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի առաջատար մասնագետներ, մանկավարժներ, ծնողներ և սովորողներ։
Աշխատաժողովը մեկնարկեց պանելային քննարկմամբ, որի բանախոսներն էին անվտանգ կրթական միջավայրի ապահովման գործում առանցքային դերակատարություն ունեցող ոլորտների պատասխանատու ներկայացուցիչներ։ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն իր խոսքում կարևորեց ներառականությունը՝ որպես անվտանգ և ապահով կրթական միջավայրի կայացման գործոն և անդրադարձավ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով ուսումնական հաստատությունների, ՏՄԱԿ-ների, ոլորտում գործող պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների փոխգործակցության դերն այդ առանցքում։ Նա հանգամանալիորեն ներկայացրեց նաև կրթության ոլորտում իրականացվող գործողություններն ըստ առաջնահերթությունների՝ անդրադառնալով մասնավորապես խելամիտ հարմարեցումներին, ֆիզիկական միջավայրի մատչելիությանը, մշտադիտարկման գործիքակազմի մշակմանը, ինչպես նաև նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) համակարգի ներդրմանն ուղղված գործընթացներին։
Աշխատաժողովի բանախոսությունների հիմնական թեմաներն ուղղված էին՝
- ✦ ոլորտային քաղաքականության գործիքակազմերի և կիրառական լուծումների, ռազմավարական մոտեցումների մշակմանն ու ներդրմանը,
- ✦ դրանցում նոր և նորարարական տեխնոլոգիաների ընդգրկման մեխանիզմներին և այդ գործընթացում տարբեր դերակատարների համագործակցությանը,
- ✦ սովորողների հոգեկան գործընթացների վրա ուսուցիչների հոգեբանական ազդեցությանը և նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը՝ բոլոր համատեքստերում դիտարկելով ներառականությունը՝ որպես անվտանգ կրթական միջավայրի ապահովման առանցքային բաղադրիչ։
Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան նաև ՀՄԿ մասնագետներ Աննա Ներսիսյանը, Սյուզաննա Պետրոսյանը, Սուսաննա Մուրադյանը, Արմինե Ավագյանը և Նաիրա Մխիթարյանը։
Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող Աննա Ներսիսյանը ներկայացրեց զեկույց «ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐԻ» թեմայով՝ ներառական միջավայրերի ստեղծմանն ուղղված գործընթացները դիտարկելով յուրաքանչյուր սովորողի կարիքներին համապատասխան հնարավորությունների ապահովման և կարծրատիպերի բացառման համատեքստում։
«ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» զեկույցում Բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Ս․ Պետրոսյանը հանգամանալիորեն անդրադարձավ աուտիզմ ունեցող երեխաների կրթական կարիքներին համապատասխան միջավայրերի ստեղծման համար անհրաժեշտ գործիքներին ու ընթացակարգերին:
Բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մ․գ․թ․, դոցենտ Ս․ Մուրադյանը «ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» թեմայով զեկույցում ներկայացրեց դասարանական միջավայրերի կազմակերպման յուրահատկությունները տեսողական խնդիրներ ունեցող սովորողների համար։
Մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Ա․Ավագյանը «ՈՒՍՈՒՑՉԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» թեմայով զեկույցում մասնակիցներին ներկայացրեց գործիքներ սովորողների հոգեկան գործընթացների վրա ուսուցչի դրական ներգործության և արդյունավետ կրթական միջավայրի ապահովման համար։
Գնահատման բաժնի հոգեբան Ն․Մխիթարյանը իր «ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԴԱՍԱՐԱՆ» թեմայով զեկույցում մանրամասնեց սովորողների տոկունության բարձրացմանն ուղղված գործողությունները և դրանց կարևորությունը դասարանական առողջ մթնոլորտի ձևավորման համատեքստում։
Աշխատաժողովն ամփոփվեց կարևոր շեշտադրումներով՝ ընդգծելով կրթության բոլոր շահառու օղակների փոխհամաձայնեցված աշխատանքի դերը անվտանգ և ապահով միջավայրի կազմակերպման գործում։
01.12.2025


