2021-2022 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանում։
Քննարկմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների տնօրենները և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։
Քննարկվեցին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունները և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողությունները։ Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերի ամենօրյա ռեժիմով և առկա ձևաչափով կազմակերպումը: Պատասխանելով ուսուցիչների ատեստավորման վերաբերյալ հարցերին՝ փոխնախարարը նշեց, որ ոչ պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կարող են սահմանված կարգով մասնակցել կամավոր ատեստավորմանը և նրանց կարող է շնորհվել որակավորման տարակարգ, եթե ոչ պետական դպրոցի հիմնադիրը ստանձնում է նշված գործընթացների արդյունքից բխող ֆինանսական պարտավորությունները։ Տարակարգի շնորհման կարգում կատարված փոփոխության համաձայն տարակարգ ունեցող ուսուցիչը մի դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխվելու դեպքում այսուհետ պահպանում է մասնագիտական որակավորումը։
Անդրադառնալով հանրապետությունում ներառական կրթությանն առնչվող հիմնահարցերին՝ նշվեց, որ այն մշտապես գտնվում է նախարարության առաջնահերթությունների շարքում և միտված է դառնալ առավել արդյունավետ և համակարգված։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ