ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է ծնողական համայնքի հետ համագործակցությանն ու նրանց իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները։
2025թ․ փետրվարի 28-ին մեկնարկեց «ԵՐԵԽԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ» թեմայով վերապատրաստման դասընթացների շարքը ծնողների համար։
Դասընթացի նպատակն էր խթանել հաշմանդամություն և/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների արդյունավետ կրթությունը և սոցիալական ներառումը՝ բարձրացնելով ծնողների իրազեկվածությունը երեխաների իրավունքների և ներառական կրթության սկզբունքների վերաբերյալ:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նա կարևորեց ծնողների հետ համագործակցությունը ուսումնական հաստատություններում սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հայտնաբերման, կրթության կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման առումով՝ ընդգծելով ՀՄԿ-ի բաց և համագործակցային գործունեությունը։
Վերապատրաստման դասընթացավարն էր ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի պետ Ա․ Գարեգինյանը։ Ընդգծելով ծնողական համայնքի հետ աշխատանքի կարևորությունը համընդհանուր ներառական կրթության իրականացման գործընթացում՝ նա անդրադարձավ այնպիսի առանցքային թեմաների, ինչպիսիք են՝
- ✦ Երեխաների կրթությանն առնչվող իրավակարգավորումները
- ✦ Համընդհանուր ներառական կրթության հիմնական գաղափարները և սկզբունքները
- ✦ Ծնող–դպրոց համագործակցության համատեքստում դրական հաղորդակցման աղդեցությունը երեխայի կրթության արդյունավետ կազմակերպման և իրականացման վրա
- ✦ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։
Ծնողներն ընդհանուր պատկերացում կազմեցին այն մասին, թե որոնք են երեխայի իրավունքները և դրանց առնչվող իրավական ակտերը, ինչու է կարևոր անհատական ուսուցումը, ծանոթացան Անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) մշակման և իրականացման սկզբունքներին և ընթացակարգերին։ Նրանք հանդես եկան ծնողական համայնքին հուզող տարբեր հարցադրումներով ու առաջարկություններով։
Հանդիպումն ընթացավ փոխըմբռնման մթնոլորտում։ Ծնողների արձագանքը ոգևորիչ էր, ինչը կարևոր նախապայման է առաջիկա հանդիպումների իրականացման համար։
03.03.2025