ՄԱՐՏԻ 21-Ը ԴԱՈՒՆԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Այն նշվում է ամեն տարի՝ իրազեկության բարձրացման և Դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքների, ներառման և բարեկեցության պաշտպանության նպատակով:
2025թ․ Դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օրվա թեման է «Մեր աջակցության համակարգերի բարելավումը»: Ճիշտ ժամանակին ճիշտ աջակցությունը հնարավորություններ է տալիս Դաունի համախտանիշ ունեցող անհատներին ապրելու լիարժեք կյանքով։
Այս տարի ուշադրությունը կենտրոնացված է համայնքների հզորացման, ինչպես նաև Դաունի համախտանիշով անձանց հասարակության բոլոր ոլորտներում ներգրավման վրա: Ներառական կրթությունը կարևոր դեր ունի առավել ընդունելի և բազմազան աշխարհ ստեղծելու գործում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համապատասխան աջակցության և ուսուցման ռազմավարությունների դեպքում Դաունի համախտանիշով երեխաները հաջողություններ են ունենում կրթության ոլորտում:
Արդյունավետ մոտեցումներից են՝
- ✦ հարմարեցված կրթական ծրագրերի մշակումը (Անհատական ուսուցման պլան), որը վեր է հանում յուրաքանչյուր աշակերտի կարիքները` անհրաժեշտ աջակցություն ստանալու և հաջողության հասնելու համար
- ✦ ջանքերի համատեղումը՝ ներգրավելու մանկավարժահոգեբանական ծառայություններ տրամադրող մասնագետների, որոնք կարող են համապարփակ աջակցություն ցուցաբերել՝ անդրադառնալով կոնկրետ մարտահրավերներին և խթանելով ընդհանուր զարգացումը
- ✦ ծնողների ներգրավվածությունը և նրանց հետ հաղորդակցությունը. երեխաների ուժեղ կողմերի և մարտահրավերների վերաբերյալ նրանց պատկերացումները կարող են օգնել արդյունավետ ուսուցման ռազմավարություններ մշակել և ստեղծել ուսուցմանն աջակցող միջավայր:
Տարբեր միջոցառումներ են անցկացվում ամբողջ աշխարհում՝ համախմբելով իրավապաշտպաններին և փորձագետներին՝ քննարկելու աջակցության համակարգերը, բարելավելու ռազմավարությունները և հավասար իրավունքների ու մասնակցության խթանման քաղաքականությունը:
Հայաստանում ևս օրվա խորհրդին անդրադառնում են տարբեր ձևերով։
«Արև-Մոդելս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հազար ու մի կռունկ» խորագրով միջոցառումը, որին ներկա էին նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը և տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։
Միջոցառման մասնակից արև-երեխաները ողջունեցին հյուրերին, հանդես եկան երաժշտական կատարումներով՝ ցուցադրելով տարբեր հմտություններ։ Այնուհետև արև-երեխաների ձեռքերով պատրաստված կռունկ-օրիգամիներով հյուրերը զարդարեցին ծառերը և դեղին փուչիկներ բաց թողեցին կապույտ երկինք։
Օրը տոնական էր, հագեցած ջերմությամբ և օրվա խորհրդանիշ գույներով ու ժպիտներով։
Յուրաքանչյուր գործողություն, մեծ թե փոքր, նպաստում է այնպիսի աշխարհի ստեղծմանը, որտեղ բոլորը, այդ թվում՝ Դաունի համախտանիշով անհատները գնահատված են, ընդգրկված և ստանում են համապատասխան աջակցություն:
21.03.2025