2025թ․ ապրիլի 5-ին տեղի ունեցավ «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողովը, որը կազմակերպել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։
Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանն ու բացառմանը, հակաբուլինգային միջոցառումների և դպրոցներում ընդհանուր դրական մթնոլորտի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը և ՅՈՒՆՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը կարևորեց անվտանգ և բուլինգից ու բռնությունից զերծ միջավայրի ապահովումը կրթության որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ հույս հայտնելով որ աշխատաժողովին բարձրացվող հարցերն ու քննարկումները կնպաստեն բազմաթիվ հիմնախնդիրների լուծմանը։ Նա անդրադարձավ հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանների պարտադիր հաստիքների ներդրմանը և թափուր հաստիքների համալրմանը, նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժահոգեբանական ծառայությունների ներդրման ընթացակարգերին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի, միջազգային այլ գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց գործընկերներին համագործակցության համար։ Խոսելով խնդրի արդիականության մասին՝ նա ներկայացրեց այս ուղղությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքները։ Նա հանգամանալիորեն անդրադարձավ դպրոցներում բարենպաստ միջավայր ապահովելու, բուլինգի դրսևորումները ժամանակին բացահայտելու և արձագանքնելու, բուլինգի տարբեր բացասական ազդեցությունների, դրանց կանխարգելման մեթոդների ու մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին՝ այդ առումով ընդգծելով աշխատաժողովի աշխատանքների հետագա շարունակականության անհրաժեշտությունը։
Կարևորելով դպրոցների դերը հակաբուլինգային քաղաքականության մշակման գործում՝ Լ․ Մնացականյանը անդրադարձավ նաև այդ ուղղությամբ ՀՄԿ-ի կողմից մշակված երեք ձեռնարկներին, որոնք կարող են օգտակար ռեսուրս լինել հակաբուլինգային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում, խոսեց «Դպրոցներում բուլինգի կանխարգելման և արձագանքման ընթացակարգերի ներդրում» պիլոտային ծրագրի շրջանակում դպրոցների փորձի, այդ փորձը մյուս ուսումնական հաստատություններում տարածելու անհրաժեշտության մասին։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին էլ նկատեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բուլինգի ծավալները մեծանում են, ինչը, սակայն, նրա դիտարկմամբ, մոտիվացիա է ստեղծում միավորելու ջանքերը այս ուղղությամբ։ Նա հավաստիացրեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում և աջակցելու է բուլինգի դեմ պայքարին՝ կարևորելով այն երեխաների իրավունքների տեսանկյունից։
Աշխատաժողովի խոսնակներն էին կրթության ոլորտի առաջատար մասնագետները, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձան բուլինգի պատճառներին, դրա տարբեր դրսևորումներին, այս ուղղությամբ աշխատանքներին, կանխարգելման մեխանիզմներին՝ դիտարկելով տարբեր մոտեցումներ, ձևեր ու մեթոդներ։
Աշխատաժողովի ընթացքում իր փոքրիկ «զեկույցով» հանդես եկավ նաև ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը, որի ընթացքում երեխաները ներկայացրին «Իմ աշխարհում» ինտերակտիվ ներկայացումը։
Մանկավարժական աշխատաժողովը ուղեկցվում էր «Դպրոցներում բուլինգի կանխարգելման և արձագանքման ընթացակարգերի ներդրում» պիլոտային ծրագրի մասնակից Երևանի Պեյո Յավորովի անվ. թիվ 131 հիմնական, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվ. թիվ 87 միջնակարգ և Ավետիսյան դպրոցների աշակերտների նկարների ցուցադրությամբ, որոնցում նրանք գեղարվեստական միջոցներով թղթին էին հանձնել իրենց պատկերացումները բուլինգի վերաբերյալ, արտահայտել իրենց վերաբերմունքը երևույթի նկատմամբ։ Աշխատաժողովի ավարտին դպրոցների տնօրենները և հոգեբանները արժանացան շնորակալագրերի, իսկ նախապես կազմակերպված քվեարկության արդյունքում մրցանակային տեղ զբաղեցրած նկարների հեղինակներն արժանացան պատվոգրերի։
Աշխատաժողովը կայացած էր․ մասնակիցների ակտիվությունը և ոգևորությունը խոստանում է գործընթացի շարունակականություն։
07.04.2025