ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2025թ․ ապրիլի 29-ին «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացների շրջանակներում անցկացվեց «ԼՍՈՒՄ ԵՄ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ԱՋԱԿՑՈՒՄ ԵՄ. ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ» թեմայով առցանց դասընթաց ծնողների համար։
Դասընթացավարն էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալինա Մանուկյանը։
Դասընթացն ուղղված էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության արդյունավետության բարձրացմանն ու սոցիալական ներառմանը, աջակցող ու ներառող միջավայրի ձևավորմանը։
Դասընթացավարը ներկայացրեց մոտեցումներ, որոնք կօգնեն ծնողներին ավելի խորն ընկալել երեխայի լուռ ուղերձները, ճանաչել նրա սոցիալ-հոգեբանական ոլորտին առնչվող խնդիրներն ու կարիքները և համարժեք արձագանքել։ Նա կարևորեց երեխայի սոցիալ-հոգեբանական պահանջմունքները ճանաչելը, հասկանալը, ճիշտ ու ժամանակին աջակցություն տրամադրելը՝ նրա հոգեկան զարգացումն ապահովելու համար։
Դասընթացն ուղեկցվում էր ինտերակտիվ հարցուպատասխանով և քննարկումներով։ Մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով ու տեսակետներով, ծնողավարման դրական փորձով։
Քննարկումների ընթացքում ուշադրություն հրավիրվեց այն հանգամանքին, որ ծնողները մեծ մասամբ կենտրոնանում են երեխայի ֆիզիկական պահանջմունքների բավարարման վրա՝ հաճախ նույնիսկ գերխնամքով սահմանափակելով նրա զարգացման և սոցիալականացման հմտությունների ձեռքբերման գործընթացները։ Սակայն սոցիալ-հոգեբանական պահանջմունքները ևս կենսական նշանակություն ունեն երեխայի կյանքում․ այս համատեքստում բանախոսն առանձնակի շեշտադրեց այնպիսի պահանջմունքների բավարարումը, որոնք կնպաստեն ներառման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ ապահովություն, սեր, հարգանք, ընկալում և կարեկցանք, գնահատանք:
Ապահովության պահանջմունքի բավարարման ուղիներին և պայմաններին նվիրված այս դասընթացն ամփոփվեց դրական ուղերձներով և նոր հանդիպման ակնկալիքով։
Առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ սոցիալ-հոգեբանական մյուս պահանջմունքներին, որոնք ևս կենսական նշանակություն ունեն երեխայի համար:
02.05.2025