Ընթացքի մեջ են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող իրազեկող դասընթացները հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծնողական համայնքի համար։
Ընտանիք-դպրոց համագործակցությունը երկկողմանի գործընթաց է, որն ուղղված է համաձայնեցնելու ընտանեկան դաստիարակության և դպրոցական կրթության նպատակները, ձևերը և մեթոդները:
2025թ․ փետրվար-մայիս ամիսներին «ԸՆՏԱՆԻՔ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» թեմայով դասընթացներ են իրականացվել Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ և Մուղնիի Մ․Արքեպիսկոպոս Աշճյանի անվան, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20, Ստեփանավանի թիվ 3, Իջևանի Գ․ Էդիլյանի անվան թիվ 3 և Երևանի Ջորջ Դունայանցի անվան թիվ 154 հիմնական դպրոցներում։
Դասընթացավարն էր ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի սոցիալական մանկավարժ Էլիզա Քեոշկարյանը։ Դասընթացներին մասնակցել են շուրջ 100 ծնողներ, դպրոցների աշխատակազմերի ներկայացուցիչներ և մանկավարժական աշխատողներ։
Դասընթացների նպատակն էր ծնողներին ծանոթացնել ընտանիք-դպրոց համագործակցության ձևերին, սկզբունքներին, տրամադրել համագործակցության վերաբերյալ մեթոդներ, որոնք կնպաստեն սովորողի զարգացմանը, անձնային աճին, ուսումնական մոտիվացիայի ձևավորմանը, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանը և սոցիալական հարաբերությունների ձևավորմանը։
Դասընթացների ժամանակ անդրադարձ է կատարվել ծնողների՝ կրթական գործընթացում ակտիվ ներգրավվածության հետևանքով գրանցվող ձեռքբերումներին և հաջողություններին, որոնք կարևոր են և՛ երեխայի, և՛ ծնողի, և՛ ուսուցիչների ու դպրոցի համար:
Դասընթացի շրջանակներում ծնողներին ներկայացվել են երեխաների հետ արդյունավետ փոխհարաբերություններ հաստատելու մոտեցումներ, ինչպես նաև երեխայի օրվա ռեժիմի կազմակերպման վերաբերյալ մեթոդներ, որոնք նրա առօրյան կդարձնեն առավել հետաքրքիր ու բովանդակալից: Ծնողներին տրամադրվել են նաև ընտանիք-դպրոց համագործակցության մեխանիզմներ, որոնք նպատակաուղղված են ուսուցիչների, աշակերտների և ծնողների միջև արդյունավետ հարաբերությունների կառուցմանը և ներդաշնակեցմանը։
Դասընթացներն իրականացվել են ինտերակտիվ եղանակով՝ ուղեկցվելով ակտիվ քննարկումներով և խաղերով:
Հանդիպումները շարունակական են՝ միտված այս ուղղությամբ ծնողների գիտելիքների հարստացմանը, ծնող-դպրոց համագործակցության խթանմանն ու կրթության արդյունավետության բարձրացմանը։
16․05.2025