«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am միասնական հարթակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և սովորողին մեկ ուսումնական հաստատությունից մեկ այլ հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել այդ ընթացակարգերը, ինչպես նաև սահմանել նշված ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը, մասնավորապես՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքում երեխայի մոտ մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք արձանագրելու դեպքում նա կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը՝ 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի, իսկ մեկ դասարան ցածր ընդգրկվելու նպատակով՝ նաև կարիքի գնահատման դիմումի հիման վրա:
Փոփոխություններին առավել մանրամասն ծանոթանալու և քննարկումներին մանակցելու համար հետևեք հղմանը հղմանը:
Հանրային քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև 2025թ․ մայիսի 31-ը:
21.05.2025