ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու և հիշեցնելու, որ բոլոր երեխաներն ունեն բարեկեցիկ, պաշտպանված ու երջանիկ մանկություն ունենալու, ինչպես նաև ապահով և անվտանգ միջավայրում կրթություն ստանալու իրավունք։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնությամբ․ Կենտրոնի աշխատակիցների կողմից և նրանց ձեռքերով ստեղծվեց «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ» մեթոդական փաթեթը, որը ներառում է «Բանալի», «Հույզերի անիվ», «Մեկ բարի․․․» և «Ապահով դպրոց» խաղերը, ինչպես նաև ուսուցողական պաստառներ։
Խաղերն ուղղված են սովորողների հուզական ինքնաբացահայտմանը, ապրումակցման, դասընկերոջ նկատմամբ անտարբեր չլինելու, բուլինգի կանխարգելմանը միտված մտայնության կառուցմանն ու զարգացմանը։ Խաղերն առանձնանում են նաև իրենց մատչելիությամբ. յուրաքանչյուր դասարան կարող է սեփական ձեռքերով պատրաստել խաղի պարագաները՝ քարտեր, բանալիներ, տուփեր, գունավոր վզնոցներ և այլն՝ միաժամանակ խթանելով սովորողների հետաքրքրությունը և ներգրավվածությունը։
Հաջորդիվ Կենտրոնում հյուրընկալվեցին «Դպրոցներում բուլինգի կանխարգելման և արձագանքման ընթացակարգերի ներդրում» պիլոտային ծրագրում ընդգրկված Երևանի Պեյո Յավորովի անվ. թիվ 131 հիմնական, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվ. թիվ 87 միջնակարգ դպրոցների և Ավետիսյան կրթահամալիրի հոգեբանները, ովքեր ՀՄԿ մասնագետների հետ միասին, մասնակցեցին խաղերի փորձարկման յուրօրինակ «ստուգատեսի»։
Խաղային գործընթացում քննարկվեցին դպրոցական իրականությանը բնորոշ խնդիրներ, և դրանց լուծման հնարավոր «բանալիները»։
Խաղերը նաև հարթակ դարձան՝
- ✦ մասնակիցների մարդկային որակների բացահայտման,
- ✦ սոցիալ-հուզական հմտությունների աճի արձանագրման,
- ✦ ինքնագնահատականի վերարժևորման ու ինքնադրսևորման,
- ✦ փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման համար՝ ինչը կարևոր նախադրյալ է դպրոցներում ապահով միջավայրի ստեղծման համար։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանն ընդգծեց․«Դպրոցի հոգեբանների գործունեության կարևոր ուղղություններից է ուսումնական հաստատություններում ապահով և անվտանգ միջավայրի ձևավորումը, որում սովորելն ավելի դյուրին է դառնում։ Այս ամենի համար հոգեբաններին ռեսուրսներ են անհրաժեշտ, իսկ այդ ռեսուրսներն ու միջոցները ՀՄԿ-ն պատրաստ է տրամադրել»։
«Խաղային հանդիպման» ավարտին դպրոցների հոգեբաններին հանձնվեցին «Ապահով դպրոց» խաղային փաթեթները՝ յուրօրինակ նվեր հանրակրթական դպրոցների սովորողներին, նրանց ուսուցիչներին, հոգեբաններին, և ինչու ոչ՝ նաև ծնողներին։
Խաղերի հեղինակն է՝ ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Անի Խուդոյանը։
01.06.2025