Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2025թ․ մայիսի 31-ին անցկացվեց «ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԵՍՆՈՒՄ ԻՄ ԵՐԵԽԱՆ» թեմայով վեբինարը:
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Սնեժանա Սայցը։
Վեբինարի հիմնական թեմաներն էին՝
- ✦ տեսողության կարևորությունը վաղ մանկության տարիքում,
- ✦ լավ տեսողության զարգացման նախադրյալները,
- ✦ ռիսկերի վաղ բացահայտումը։
Խոսելով վաղ տարիքում տեսողության կարևորության մասին՝ բանախոսը շեշտեց, որ այն բացառիկ նշանակություն ունի և ներազդում է զարգացման բոլոր ոլորտների վրա՝ խթանելով էական գաղափարների զարգացումը։ Ս․ Սայցը ընդգծեց տեսողության զարգացման վճռորոշ շրջանների ըմբռնման կարևորությունը՝ տեսողության գործառնական խանգարման ռիսկերի վաղ ճանաչման տեսանկյունից, որպեսզի միջամտությունն իրականացվի ժամանակին և պատշաճ:
Վեբինարի ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ տեսողական գործառնությունը վճռորոշ է ճանաչողական գործընթացների զարգացման առումով, որպեսզի երեխաներն ընկալեն իրենց շրջապատող միջավայրը, տեսնեն, թե ինչպես են մյուսներն օգտագործում որոշակի առարկաներ, և սովորեն պատճառահետևանքային փոխհարաբերությունը՝ դիտելով և ուսումնասիրելով շրջակա աշխարհը և ընկալելով այն տեսողական տեղեկատվության միջոցով։ Անդրադարձ կատարվեց տեսողության ազդեցությանը մոտորիկայի, սոցիալականացման, ինչպես նաև ծնող-երեխա շփման զարգացման վրա՝ ընդգծելով դրանց անատոմիական և հոգեբանական նախապայմանները։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
02.06.2025