2025թ․ հունիսի 16-ին և 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կազմակերպվել էին այլընտրանքային թերապիաների վերաբերյալ վարպետաց դասեր ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հատուկ մանկավարժների համար։
Վարպետաց դասերի հիմնական նպատակն էր նպաստել մասնակիցների ինքնարտահայտման, հաղորդակցության ու թիմային ներգրավվածության կարողությունների զարգացմանը, նրանց մասնագիտական հմտությունների բարելավմանը։
Վարպետաց դասերն անցկացվում էին ինտերակտիվ ձևաչափով, որտեղ յուրաքանչյուր մասնակից ոչ միայն դիտորդ էր, այլև գործընթացի ակտիվ մասնակից։ Այս նախաձեռնությունը միտված էր նաև նպաստելու մասնագիտական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված սթրեսի նվազեցմանը և խթանելու մասնակիցների ընդհանուր բարեկեցությունը՝ ստեղծելով վստահելի և համագործակցային միջավայր։
ՏՄԱԿ-ների մեր գործընկերները մասնակցեցին այլընտրանքային թերապիաների՝ թատրոն, կավագործություն, պար, գործնականում ծանոթացան դրանց առանձնահատկություններին ու նրբություններին։
Վարպետաց դասերը մեկնարկեցին դրամաթերապիայով։ Արտթերապիստ Մարինե Ասատրյանի ներկայացրած «Ի՞նչ կա մեր գլխում և մտքում» խաղը ներգրավեց մասնակիցներին՝ օգնելով յուրաքանչյուրին իր փորձի, մտքերի և զգացմունքների պրիզմայով ընկալել իրադարձությունները։ Շվեդ նկարչուհի Մեդիա Բուլդուկի աշխատանքների միջոցով նրանք փորձեցին բացահայտել մարդկանց մտքերի ու դիմարտահայտման տարբերությունները՝ յուրովի «մաղելով» դրանք և օգնելով հասկանալ՝ ինչ մնաց «մաղի տակ», ինչ՝ «մաղի վրա», և ինչպես կարելի է այդ մտքերը կիրառել որպես աշխատանքային գործիք մանկավարժահոգեբանական աջակցության ընթացքում։
«Պարիր և զգա շարժման ուժը» խորագրով վարպետաց դասն անցկացրեց պարային թերապիստ Աննա Ղարիբյանը։ Մասնակիցները պարային վարժությունների միջոցով փորձեցին բացահայտել շարժման վերափոխող և բուժիչ ներգործությունը՝ ուղղված հոգեբանական և ֆիզիկական առողջության պահպանմանը, վարքային խնդիրների կառավարմանն ու կարգավորմանը։
Այնուհետև մասնագետները արտթերապիստ Թագուհի Ստեփանյանի ուղղորդմամբ մասնակցեցին «Ես և Նա» խորագրով կավաթերապիայի վարպետաց դասին, որի ընթացքում նրանք կավով ստեղծեցին տարբեր առարկաներ՝ սեփական փորձառությամբ բացահայտելով կավաթերապիայի հնարավորությունները, ստեղծագործական գործունեության միջոցով ի հայտ եկող դրական ազդակները՝ այդպիսով «խոսելով» իրենց ներաշխարհի, զգացողությունների ու հույզերի մասին:
Վարպետաց դասերը հետաքրքիր էին ու հագեցած․ դրանք ՏՄԱԿ-ների մասնագետներին նոր ու նորարարական գործիքներ փոխանցեցին, որոնք կարևոր են իրենց աշխատանքում կիրառելու և այդպիսով մանկավարժահոգեբանական ծառայությունների որակական աճ արձանագրելու տեսանկյունից։
23․06.2025