2025թ. ապրիլից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՅՈՒՆԻՍԵՖ֊ի հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացնում է «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներդրման պիլոտային ծրագիրը» ուսումնական հաստատություններում։
Ծրագիրը նպատակ ունի արձագանքել երեխաների աճող հուզական և սոցիալական կարիքներին և աջակցել ուսուցիչներին ու մասնագետներին։
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մշակվել են ՀԱՀՍԱ ոլորտի ռազմավարական փաստաթղթեր, որոնց փորձարկումը սկսվել է Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի և Երևանի 8 հանրակրթական ու 8 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Պիլոտային ծրագիրը հնարավորություն է տալիս գործնականում փորձարկել ՀԱՀՍԱ ոլորտային ուղեցույցը՝ հիմք հանդիսանալով լայնամասշտաբ ներդրման և ոլորտային բարեփոխումների համար։
Ծրագրի շրջանակներում 2025թ. հունիս ամսին Կենտրոնում կազմակերպվել են իրազեկող հանդիպումներ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների ու հոգեբանների մասնակցությամբ։ Ներկայացվել են ծրագրի նպատակները, գործողությունները և սպասվող արդյունքները, քննարկվել են նաև գործիքակազմը և հնարավոր մարտահրավերները։
Մասնակիցները բարձր գնահատեցին նախաձեռնությունը և հանդես եկան օգտակար առաջարկներով:
08․07.2025