ՀՀ արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ 2025թ․ սեպտեմբերի 1-ին մեկնարկել է վերապատրաստման եռօրյա դասընթաց ՀՄԿ և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար՝ ուղղված հոգեբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Դասընթացավարներն են իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, հոգեբան Անահիտ Խաչատրյանը և հոգեբույժ Հարություն Սիմոնյանը։
Բացման խոսքով հանդես եկան Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրերի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նրանք իրենց խոսքում շեշտեցին բռնությունից և բուլինգից զերծ, ապահով ու պաշտպանված կրթական միջավայրի կարևորությունը, ընդգծվեց բոլոր երեխաների իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը։
Վերապատրաստումների հիմնական թեմաները վերաբերում են․
- ✦ երեխայի նկատմամբ բռնության հասկացությանը, տեսակներին և հատկանիշներին
- ✦ բռնության և բուլինգի քրեորեն պատժելի որոշ դրսևորումներին
- ✦ պաշտոնատար անձի կողմից թույլ տրվող զանցանքներին ու հանցանքներին, դրանց տարանջատման մեխանիզմներին
- ✦ ուսումնասիրություն անցկացնելիս մարդու իրավունքների ապահովման և երեխաների հետ վարվեցողության կանոններին
- ✦ բուլինգի նրա տեսակներին ու նույնականացմանը, հոգեկան առողջության վրա բուլինգի ազդեցությանը և երեխայակենտրոն մոտեցումներին
- ✦ բուլինգի դեպքերի ուսումնասիրման, արդյունքների վերլուծության ու եզրակացություն կազմելու ընթացակարգերին ու մեթոդաբանությանը։
Վերապատրաստումներն ուղեկցվում են ակտիվ քննարկումներով՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին անկաշկանդ, անմիջական միջավայրում ստանալ իրենց հուզող ու հետաքրքրող հարցերի պատասխանները։
02.09.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
