ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Կրթական համակարգի զարգացում կրթության մեջ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներառման միջոցով» ծրագրի շրջանակներում 2025թ․ օգոստոսին իրականացվել են «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» թեմայով վերապատրաստման դասընթացներ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների և հոգեբանների համար։
Վերապատրաստումների նպատակն էր նպաստել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների և հոգեբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը ուսումնական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) համակարգի ներդրման և գործարկման համատեքստում, որը կրթական բարեփոխումների կարևոր բաղադրիչ է։
Դասընթացներին մասնակցել են ՀՀ Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերի և Երևան քաղաքի 8 հանրակրթական և 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 320 մասնագետներ։
Դասընթացները համատեղում էին տեսական գիտելիքները և գործնական վարժությունները՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ոչ միայն վերանայել իրենց պատկերացումները երեխաների հոգեկան առողջության և բարեկեցության մասին, այլև ձեռք բերել հստակ գործիքներ առօրյա աշխատանքում կիրառելու համար։ Դրանք արծարծում էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են կրթական միջավայրում հոգեկան առողջության խթանումը, երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացումը, ինչպես նաև ընտանիքի և ծնողների ներգրավման արդյունավետ ուղիները։
Մասնակիցների հավաստմամբ՝ դասընթացները նրանց հնարավորություն տվեցին․
- ✦ նորովի դիտարկել կրթական միջավայրի դերը երեխայի հոգեկան առողջության, հուզական և հոգեսոցիալական կայունության ապահովման գործում,
- ✦ սովորել գործնական մեթոդներ՝ սթրեսի հաղթահարման, հաղորդակցական և սոցիալ-հուզական հմտությունների զարգացման համար,
- ✦ ամրապնդել համագործակցությունը ծնողների հետ՝ նրանց դիտարկելով ոչ որպես դիտորդի, այլ որպես երեխայի բարեկեցության ապահովման կարևոր գործընկերոջ։
05.09.2025