2025թ․ սեպտեմբերի 19-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենները։
Ողջունելով ներկաներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը խոսեց նոր ուսումնական տարում իրականացվելիք գործընթացների մասին։ Անդրադարձ կատարվեց անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարվա շրջանակներում ակնկալվող գործընթացներին, հստակեցվեցին առաջնահերթություններն ու անելիքները։ Քննարկվեցին այս ուղղությամբ, մասնավորապես, վերապատրաստում անցած ՏՄԱԿ-ների հոգեբանների կողմից ուսումնական հաստատություններում վերապատրաստման դասընթացների իրականացման ընթացակարգերը։
Ֆիզիկական մատչելիության և խելամիտ հարմարեցումներին անդրադառնալով՝ շեշտադրվեց հատկապես ուշադրություն դարձնել ուսումնական հաստատություններում դրանք ճիշտ նպատակադրելու՝ սովորողներին արդյունավետ մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման հանգամանքին։
Դիտարկվեցին ՏՄԱԿ-ների մասնագետների առաջարկությունների հիման վրա Գնահատման գործիքակազմում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև մենթորական ծրագրի առնչությամբ՝ ՏՄԱԿ-ների հետ ակտիվ համագործակցությանը, համատեղ սեմինարներ և վերապատրաստումներ իրականացնելուն վերաբերող հարցեր։
Ընդգծվեց առկա բոլոր ռեսուրսներն ի մի բերելու, դրանց նպատակային կիրառության և դպրոցների ու ծնողական համայնքի հետ համագործակցային աշխատանքի անհրաժեշտությունը նախանշված նպատակներին հասնելու համար, ինչպես նաև «Տարվա լավագույնները» մրցույթին ՏՄԱԿ-ների մասնագետների ակտիվ մասնակցության խթանումը՝ նպաստելու նրանց մասնագիտական կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացմանը։
ՏՄԱԿ-ների տնօրենների կողմից բարձրաձայնվեցին նաև աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող տարաբնույթ խնդիրներին և դրանց լուծմանն առնչվող հարցեր։
24․09.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				
