ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2025թ․ սեպտեմբերի 29-ին անցկացվեց «ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՄՏԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ» թեմայով հերթական առցանց դասընթացը ծնողների համար։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թերեզա Ազատյանը։
Դասընթացավարը ներկայացրեց այն հիմնական գործոնները, որոնք անհրաժեշտ են մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի կազմակերպման և արդյունավետություն ապահովելու տեսանկյունից։ Ընդգծվեց փոխադարձ վստահության, համագործակցության և միասնական մոտեցման դերը երեխայի կարողությունների բացահայտման և ներառման գործընթացում։
Թ․ Ազատյանը կարևորեց ճիշտ, աջակցող կրթական միջավայրի ստեղծումը, որտեղ երեխան կկարողանա դրսևորել իր լավագույն որակները։ Այդ համատեքստում նա ընդգծեց ծնողի կողմից աջակցությունը, որն ուղղված է համընդհանուր ներառականության առաջնային նպատակին՝ բարելավել երեխայի կյանքի որակը և նպաստել նրա սոցիալականացմանը, անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը, հասարակության մեջ ինքնադրսևորվելուն։ Կարևորվեց ամենօրյա կրթական միջավայրի ապահովումը, որտեղ առանձնակի նշանակություն ունեն խաղը, և առհասարակ, առօրյա գործողությունները:
Ծնող-դպրոց համագործակցության շրջանակում դասընթացավարն առանձնացրեց ծնողների և մասնագետների միջև տեղեկատվության փոխանցման անհրաժեշտությունը և համագործակցության հմտությունների առկայությունը։ Երեխայի դինամիկ զարգացման համատեքստում դիտարկվեց նաև ծնող-երեխա համագործակցությունը, որն էական նշանակություն ունի երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտման, նրա ինքնագնահատականի բարձրացման և շատ այլ առումներով։
Ծնողավարության հմտությունների արդյունավետության բարձրացմանը միտված գործողությունների շրջանակում դասընթացավարը դիտարկեց նաև տեխնոլոգիաների ներգրավումը՝ ծնողական համայնքի համար տարբեր առցանց հարթակների առկայությունը, որոնք միջավայր են ստեղծում ծնողների փորձի փոխանակման, առաջարկությունների և քննարկումների համար:
Վեբինարի մասնակիցները բարձրաձայնեցին նաև իրենց հետաքրքրող հարցադրումները, որոնց շուրջ ծավալվեցին աշխույժ քննարկումներ, առաջարկվեցին լուծումների տարբերակներ։
Հետևեք մեր էջին՝ «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացների շրջանակներում իրականացվող հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
30.09.2025


