ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ 2025թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանում անցկացվեց «ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ» խորագրով ուսուցչական համաժողովը։
Համաժողովի նպատակն էր տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը հանրակրթական պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում, արձանագրել ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, նպաստել անվտանգ և ապահով, բռնությունից զերծ կրթական միջավայրի ապահովմանը:
Համաժողովին մասնակցում էին կրթության ոլորտի ավելի քան 700 մասնագետներ՝ հանրապետության տարբեր դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ, ՀՄԿ և ՏՄԱԿ մասնագետներ, Կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, միջազգային կառույցների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պատասխանատու Դավիթ Ավագյանը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։
ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանն իր ելույթում հանգամանալիորեն խոսեց կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և դրանցում ուսուցչի դերակատարության մասին՝ կարևորելով այն բոլոր գործընթացները, որոնք ուղղված են ուսուցչի մասնագիտությունն ու աշխատանքային պայմաններն ավելի գրավիչ դարձնելուն։
Այնուհետև համաժողովի աշխատանքները շարունակվեցին պլենար նիստի ձևաչափով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Անվտանգ կրթական միջավայրի ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում» թեմայի շրջանակում անդրադառնալով ընթացիկ ուսումնական տարվա աշխատանքային և անվտանգային հարցերին։ Նա խոսեց դպրոցների ենթակառուցվածքների անվտանգության, միջավայրային հարմարեցումների, դպրոցներում հոգեբանական ծառայությունների իրականացման և կրթական այլ գործընթացների բարելավմանն ուղղված աշխատանքների մասին՝ դիտարկելով դրանք անվտանգային խնդիրների կառավարելիության տեսանկյունից։ Այդ համատեքստում նա անդրադարձավ նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեությանը, մասնավորապես բուլինգի, բռնության մասին իրազեկող ծրագրերին և ուղեցույցներին։ Կարևորվեց նաև դպրոցում անվտանգային խնդիրների թեմայով նախագծային աշխատանքների կազմակերպումը՝ հենց աշակերտների հայացքով բացահայտելու խնդիրները և դպրոցը դարձնելու այնպիսի միջավայր, որտեղ սովորողները կհաճախեն հաճույքով ու սիրով։
Նիստին հաջորդեց «Ինչպես կառուցել վստահության, ներառականության և անվտանգության մշակույթ դպրոցում» թեմայով պանելային քննարկումը, որի ընթացքում բանախոսները կարևորեցին ուսումնական հաստատությունների սերտ համագործակցությունը ՀՄԿ-ի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ինչպես նաև ծնողական համայնքի հետ՝ փոխվստահության, փոխգործակցության պայմաններում արդյունավետ լուծումների հասնելու նպատակով։
Համաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին բաժիններով, որոնց թեմաները բխում էին նոր չափորոշիչների առաջավոր փորձից և ուղղված էին ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծման հոգեբանական, արժեհամակարգային, տեխնոլոգիական մարտահրավերների ու հնարավորությունների քննարկմանը։
Համաժողովին զեկույցներով հանդես եկան նաև ՀՄԿ մասնագետները։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանի «ԲԱԶՄԱԶԱՆ ԴԱՍԱՐԱՆ․ ՊԱՐԶ ՔԱՅԼԵՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ» թեմայով դասընթաց-զեկույցն ուղղված էր բազմազանության պայմաններում կոնֆլիկտներին պարզ, արդյունավետ լուծումներ գտնելու տրամաբանության զարգացմանը, կրթական նոր, ինտերակտիվ մոտեցումների մոդելավորմանը և ուսումնական գործընթացում դրանց կիրառման առանձնահատկությունների բացահայտմանը:
ՀՄԿ գնահատման բաժնի պետ Լիանա Մարգարյանը հանդես եկավ «ՍՈՑՑԱՆՑԵՐ ԵՎ ԱՌՑԱՆՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ․ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» թեմայով զեկույցով՝ բռնության կանխարգելումն առցանց միջավայրում դիտարկելով որպես կրթության առաջնային խնդիրներից մեկը և ընդգծելով դպրոցի դերը գիտակից և անվտանգ թվային վարքի ձևավորման գործընթացում։
ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող-մեթոդիստ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անի Ավագյանը «ԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ․ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» թեմայի շրջանակում անդրադարձավ դպրոցի հոգեբանի գործառույթներին և նրա կողմից իրականացվելիք աշխատանքներին։
ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Արմինե Ավագյանը ներկայացրեց զեկույց «ԲՈՒԼԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ․ ՈՒՍՈՒՑՉԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ» թեմայով՝ կարևորելով ուսուցչի գործառույթը բուլինգի կանխարգելման գործում։
ՀՄԿ մենթորներ Վոլոդյա Գրիգորյանը և Աիդա Խալաթյանը, ովքեր հանդես եկան «ՍՈՎՈՐՈՂԱԿԵՆՏՐՈՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ» և «ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ․ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ» զեկույցներով, կիսվեցին աշակերտների հետ աշխատանքի իրենց փորձով՝ մասնակիցներին փոխանցելով սովորողակենտրոն մեթոդների և որակյալ կրթության ապահովման իրենց տեսլականը։
Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով պարգևատրվեցին կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, իսկ «Տարվա լավագույնները-2024» մրցույթի հաղթողները ստացան շնորհակալագրեր։
Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև մեր գործընկերներ՝ ՀՄԿ մենթոր, Սպանդարյանի միջն․ դպրոցի ուսուցիչ Հայարփի Խաչատրյանը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ» և Վանաձորի ՏՄԱԿ-ի հատուկ մանկավարժ Մարինե Աղաբաբյանը՝ «ՏՄԱԿ-ի լավագույն հատուկ մանկավարժ» անվանակարգերում։ Սիրով շնորհավորում ենք և մաղթում նոր ձեռքբերումներ։
07.10.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
