Արդեն երրորդ տարին անընդմեջ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվում են հարմարեցված աշխատանքային գիրք-տետրեր, որոնք մատչելի և պարզեցված առաջադրանքների միջոցով հասանելիություն են ապահովում հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրերին։
Նպատակն է ուսուցումը կազմակերպել այնպես, որ նույն դասարանում սովորող տարբեր հնարավորություններ ունեցող երեխաները հնարավորինս դյուրին յուրացնեն ուսումնական նյութը։
Գիրք-տետրերը գունեղ են, հետաքրքիր, գրավիչ թե՛ ձևավորմամբ, թե՛ բովանդակության մատչելիությամբ։ Դրանք հաջողությամբ կիրառվում են դպրոցներում և հասցրել են սիրվել սովորողների կողմից։
ՀՄԿ աշխատանքային խմբով հնարավորություն ունեցանք ներկա գտնվել Երևանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի դասագործընթացին, որտեղ ականատես եղանք աշխատանքային գիրք-տետրերի ակտիվ գործածությանը։ Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանը, սովորողները սիրով են աշխատում այս գիրք-տետրերով․ դրանք հետաքրքրում են նրանց և օգնում յուրացնել առարկայական գիտելիքները պարզեցված առաջադրանքների միջոցով։ Հետադարձ կապի մեխանիզմը փաստում է, որ հարմարեցված ուսումնաօժանդակ ձեռնարկները ծառայում են այն նպատակին, որի համար ստեղծվել են՝ նպաստելով կրթության մատչելիությանն ու հասանելիությանը բոլորի համար։
ՀՄԿ-ի կողմից մշակված աշխատանքային գիրք-տետրերը և մյուս ուսումնամեթոդական ձեռնարկները երաշխավորվել են որպես ուսումնական նյութ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից, իսկ էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՄԿ կայքում հետևյալ հղումով՝ https://hmk.am/hratarakutyunner-2025/
Աշխատանքային գիրք-տետրերին կից մշակվել են նաև մեթոդական ուղեցույցներ ուսուցիչների համար, որոնք կուղղորդեն նրանց սովորողների հետ աշխատելու գործընթացում։
20.10.2025


