2025թ․ հոկտեմբերի 24-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-հանդիպում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի UNICEF Armenia համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀԱՀՍԱ) ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» պիլոտային ծրագրի մասնակից 16 ուսումնական հաստատությունների (8 նախադրոցական և 8 հանրակրթական) տնօրենների, տնօրենի տեղակալների ու հոգեբանների հետ, որի ընթացքում ամփոփվեցին ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքները։ Հանդիպմանը ներկա էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Առաքելյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը հանգամանալիորեն խոսեց Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) պիլոտային ծրագրի ներդրմանն առնչվող գործընթացների մասին՝ ընդգծելով դրանց արդիականությունը դպրոցներում ապահով և անվտանգ կրթական միջավայրի ապահովման տեսանկյունից։ Նա նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ մշակվել են Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) համակարգի ոլորտային ուղեցույցը և հայեցակարգը, որոնք ուղղված են համակարգի ներդրման գործընթացի կանոնակարգմանը։ Կարևորելով այդ համատեքստում հոգեկան բաղադրիչի հստակեցման անհրաժեշտությունը և թիրախային խմբերը՝ նա առանձնացրեց այն երեք հիմնական գործոնները, որոնց առկայությունը ծրագրում պայմանավորում է ՀԱՀՍԱ համակարգի աշխատանքի արդյունավետությունը․
- ✦ կարիքների ճիշտ վերհանում և գնահատում,
- ✦ աջակցության տրամադրման արդյունավետ մեթոդաբանություն,
- ✦ ուղղորդման և արձագանքման ճիշտ մեխանիզմների մշակում և ներդրում։
Տնօրենը վստահություն հայտնեց, որ ծրագրով նախատեսված գործընթացների առաջին փուլում հաջողությամբ են իրականացվել վերապատրաստումների և իրազեկման աշխատանքները, և ընդգծեց դրանք առօրյա ուսումնական առօրյայի մի մասը դարձնելու անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից նա շեշտադրումներ արեց նաև Երեխայի պաշտպանության (ԵՊ) թիմերի ստեղծման, նրանց կազմի և ընդգրկվածության շրջանակի վրա հոգեսոցիալական տոկունության բարձրացման և բուլինգի ու բռնության դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Նա կարևորեց ԵՊ թիմերում տնօրենների, հոգեբանների, սոցիալական աշխատողների, ծնողների և երեխաների ներգրավվածությունը՝ դպրոցներում կանխարգելիչ միջամտությունների իրականացման և արտաքին կազմակերպություններին ուղղորդելու աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը նկատեց, որ ծրագրում ներգրավված դպրոցների հետ համագործակցության արդյունքում մի շարք փոփոխություններ են իրականացվել ՀԱՀՍԱ ներդրման գործընթացը կանոնակարգող ոլորտային ուղեցույցում հոգեկան առողջության և բուլինգին ու բռնությանն արձագանքման ընթացակարգերի մասով։ Ի դեպ, ընթացակարգերում և համապատասխան փաստաթղթերում փոփոխություններ և շտկումներ նախատեսվում են նաև պիլոտային ծրագրի ավարտից հետո՝ ամփոփելով արդեն իսկ առկա փորձը։ Ծրագրով իրականացված գործողությունների շրջանակում Հ․Ադամյանը շեշտեց շահառու կազմակերպությունների և մարզպետարանների ու համայնքային կառույցների հետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև վերջիններիս իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Թիրախային խմբերի հետ աշխատանքների համատեքստում նա ուշադրություն հրավիրեց նաև երեխաների հետ աշխատանքի զգայուն մեխանիզմների մշակման անհրաժեշտության վրա։
Ծրագրում ներգրավված դպրոցների տնօրեններն ու հոգեբանները ներկայացրին պիլոտային ծրագրի առաջին փուլով իրենց դպրոցներում իրականացված աշխատանքները, խոսեցին ոլորտային ուղեցույցներում ներկայացված գործիքակազմերով աշխատելու արդյունավետության, դրանց գործարկման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերների մասին։ Նրանք կիսվեցին իրենց փորձով, գաղափարներով, մեթոդաբանություններով, ինչպես նաև գրանցված հաջողություններով, հանդես եկան այդ փորձից բխող առաջարկություններով՝ դիտարկելով նաև թեմատիկ նախագծային աշխատանքների իրականացումը տարբեր դասարաններում։
Հանդիպման ընթացքում հստակեցվեցին ՀԱՀՍԱ համակարգի գործարկման ընթացակարգերը, նախանշվեցին հետագա անելիքները, աշխատանքների իրականացման ռազմավարությունները, հետադարձ կապի մեխանիզմները։
Հանդիպումն ամփոփվեց հաջորդող քայլերի և ժամկետների հստակեցմամբ՝ նոր հանդիպման ակնկալիքով։ Այս միջոցառումները նպաստում են ուսումնական հաստատություններում համագործակցային մշակույթի ամրապնդմանը, երեխաների հոգեսոցիալական բարեկեցությանն ուղղված համատեղ գործողությունների պլանավորմանը և ՀԱՀՍԱ համակարգի կայուն ներդրմանը։
27.10.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
