2025թ․ հոկտեմբերի 31-ին Սպիտակում անցկացվեց «ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ» խորագրով աշխատաժողովը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը:
Աշխատաժողովի նպատակն էր.
- ✦ Խթանել անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը համատեղ քննարկումների, փորձի փոխանակման և համագործակցության միջոցով
- ✦ Համախմբել կրթության ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կառույցներին, որոնք կնպաստեն անվտանգ և ապահով կրթական միջավայրի ստեղծմանը
- ✦ Բացահայտել անվտանգ կրթական միջավայրի ապահովման հիմնախնդիրները
- ✦ Ներկայացնել լավագույն փորձն ու մեթոդները՝ ի նպաստ մանկավարժության ոլորտում ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական անվտանգության ամրապնդման:
Աշխատաժողովին մասնակցում էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Լոռու մարզպետարանի, Սպիտակի համայնքապետարանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մարզային ստորաբաժաման պատասխանատուներ, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի առաջատար մասնագետներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ծնողներ և սովորողներ։
Աշխատաժողովին ներկայացված զեկույցների թեմաներն ուղղված էին անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը, այս ուղղությամբ մարտահրավերների բացահայտմանն ու կանխարգելմանը՝ դիտարկելով դրանք տարբեր համատեքստերում:
Աշխատաժողովին որպես խոսնակներ զեկույցներով հանդես եկան նաև ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Սողոմոնյանը և Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Կարապետյանը։
«ԱՊԱՀՈՎ ԴԱՍԱՐԱՆ․ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ» թեմայով զեկույցում Հ․ Ադամյանը մանրամասնեց դասարանական միջավայրերում վստահության ձևավորման կարևորությունն ու դրան ուղղված գործողությունները՝ ընդգծելով ուսուցչի դերն այս համատեքստում որպես որոշիչ գործոն։
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԳԻՏԱԿՑՈՒՄԻՑ ԴԵՊԻ ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ» զեկույցում Մ․ Սողոմոնյանը հանգամանալիորեն ներկայացրեց անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված իրավական կարգավորումները, երեխաների անձնական տվյալների վերաբերյալ իրազեկվածությանը և դրանց պաշտպանությանը միտված գործողությունների ընթացակարգերը:
Լ․ Կարապետյանը ներկայացրեց զեկույց «ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ» թեմայով՝ կարևորելով բոլոր առումներով ապահով միջավայրի առկայությունը ուսումնական հաստատություններում և դրա ազդեցությունը երեխաների ընդհանուր զարգացման վրա։
Աշխատաժողովն ամփոփվեց կարևոր շեշտադրումներով՝ ընդգծելով, որ կրթության կազմակերպումը անվտանգ և ապահով միջավայրում պայմանավորված է բոլոր օղակների փոխհամաձայնեցված աշխատանքով։
05.11.2025

