Հաջողության պատմություն՝ նվիրումի ու իսկական ներառման մասին
(Երեխայի անունը փոխված է)
Արամը սովորում է երրորդ դասարանում։ Նա բարի է, սիրում է իր դասընկերներին, ժպտերես է, կամեցող։ Սիրում է զբոսնել, ծաղիկներ հավաքել և նվիրել։ Նա ունի խոսքի և լեզվի, նաև մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներով պայմանավորված մանկավարժահոգեբանական ծառայությունների 4-րդ աստիճանի աջակցության կարիք։ Անծանոթ տարածքում տեղաշարժվում է այլ անձի աջակցությամբ։
Երբ Արամն առաջին անգամ եկավ դպրոց, նրա համար շատ բան օտար էր ու վախեցնող՝ անծանոթ միջավայր, աղմկոտ ձայներ, նոր կանոններ։ Նա չէր կարողանում հարմարվել նոր պայմաններին ու դիմադրում էր․ չէր լսում ուսուցչի հրահանգները և չէր կատարում առաջադրանքները։ Դասերին ընդամենը մի քանի րոպե էր նստում, հետո փախչում էր միջանցք, պառկում հատակին, բղավում․ նա կարծես «պայքարում էր մի աշխարհի դեմ, որտեղ իրեն չէին հասկանում»։ Նա չէր կարողանում ինքնուրույն օգտվել պետքարանից, հաճախ չէր հասցնում հայտնել իր կարիքների մասին։ Իր հիգիենային հետևել ևս դժվարանում էր, ուներ խուսափողական և կամակոր վարքագիծ։ Ուսուցչի բնորոշմամբ՝ Արամը չէր գիտակցում, թե որտեղ է գտնվում և չէր պատկերացնում ուսումնական գործընթացը։
2024-2025 ուսումնական տարում դպրոցում մեկնարկեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Ռեսուրս սենյակ» փորձարարական նախագիծը, որն ուղղված էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ տնային ուսուցման պայմաններում սովորող հաղորդակցման և մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներով պայմանավորված մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների որակյալ և մատչելի կրթության կազմակերպմանը իրենց կարիքներին համապատասխան կրթական միջավայրում։ Արամը ևս ընդգրկվեց այդ ծրագրում։
Ռեսուրս սենյակն առաջին հարկում էր։ Այն հագեցած էր ժամանակակից պարագաներով ու պիտույքներով, որոնք նպաստում էին ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացմանը և սեփական կարողությունների բացահայտմանը։ Միջավայրը կազմակերպված էր այնպես, որ Արամի մոտ վստահություն ստեղծվեր սեփական ունակությունների ու հնարավորությունների նկատմամբ։ Այս սենյակը նրան օգնում էր հասկանալ, որ ինքը ներգրավված է դպրոցական կյանքում։
Ռեսուրս սենյակում Արամի հետ աշխատում էին Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հատուկ մանկավարժներ Աիդա Սուքիասյանը և Մարգարիտա Կարապետյանը։
Մասնագետները պատմում են․
«Արամի ամենամեծ խնդիրն իր կողմից ցուցաբերվող խուսափողական վարքագիծն էր և կամակորությունը, ինչն ուներ իր պատճառները․ նրա համար անհասանելի ու խրթին էր դպրոցում ամեն բան՝ ուսումնական առաջադրանքները, ուսուցիչների հանձնարարություններն ու պահանջները, ընկերների հետ շփումը։ Նա հաճախ մերժում էր հաղորդակցությունը, ցուցաբերում զգալի անտարբերություն հանձնարարվող առաջադրանքների նկատմամբ՝ հրաժարվելով կատարել դրանք։ Հանում էր կոշիկները, պառկում և ոտքերով խփում հատակին, երբեմն գոռում, չէր ցանկանում քայլել, ուզում էր, որ իրեն մշտապես գրկեն։ Սակայն մենք վստահ էինք, որ Արամը կհաղթահարի դժվարությունները, քանի որ դպրոցը դրսևորում էր համագործակցելու պատրաստակամություն, ծնողները հետևողական էին, իսկ սովորողն ուներ անձնական օգնական։
Երեխային դիտարկելու արդյունքում բացահայտելով նրա ուժեղ կողմերը, կարողություններն ու դժվարությունները՝ առաջադրեցինք իրատեսական նպատակներ և սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Մշակեցինք փոքր քայլեր, որոնք պետք է հանգեցնեին նախանշված նպատակների իրականացմանը։ Աշխատանքները սկսեցինք թեթև առաջադրանքներից․ Արամը այլընտրանքային հաղորդակցման քարտերի օգնությամբ «ցույց էր տալիս իր կարիքները», հասկացնում էր, որ քաղցած է, ծարավ է, կամ ցանկանում է գնալ միջանցք։ Տեսնելով, որ մենք հասկանում ենք իրեն, ոգևորվում էր և ավելի եռանդով աշխատում՝ ստանալով փոքրիկ խրախուսանքներ։
Կիրառելով խրախուսանքի տեխնիկան՝ մենք հաջողություններ արձանագրեցինք երեխայի զարգացման տարբեր ոլորտներում։
Աստիճանաբար Արամը սկսեց կենցաղավարության հմտություններ ձեռք բերել․ սեփական իրերը դասավորել պայուսակի մեջ, մաքրել իր շրջապատը, օգնել խոհանոցում՝ աղցան պատրաստելիս կտրատել բանջարեղենը, հաշվել և դասավորել սպասքը։ Նա ռեսուրս սենյակի մասնագետների օգնությամբ սովորեց գնումներ կատարել՝ ընտրելով իրեն անհրաժեշտ սնունդը և վճարելով դրա համար։ Այժմ Արամը հետևում է ոչ միայն իր մաքրությանը, այլև ուշադիր է բոլորի նկատմամբ։ Երբ ինչ-որ մեկը մոռանում է որևէ իր, նա մատով ցույց է տալիս ու այդպես հիշեցնում»։
Մասնագետները դրական և արդարացված են համարում Արամի հետ կապված ակնկալիքները․ իրենց վստահված աշխատանքին վերաբերվելով մեծ պատասխանատվությամբ, սիրով և հոգատարությամբ՝ նրանք գրանցեցին ոգևորող արդյունք։
Արամն արդեն հաղորդակցվում է իր շրջապատի մարդկանց հետ ժեստերով և նկարներով․ նա վերցնում է իր փոքրիկ քարտերը, որոնց վրա պատկերված են տարբեր գործողություններ, և դրանցով «խոսում»՝ ստեղծելով յուրօրինակ կամուրջ իր և աշխարհի միջև։ Նրա կողքին միշտ իր ուղեկցողն է, ով «լսում» է Արամին՝ նպաստելով, որ այդ կամուրջը էլ ավելի ամրանա։
Արամն արդեն կարողանում է մասնակցել դասերին։ Նա նստում է իր նստարանին, ուշադիր լսում ուսուցչին ու ընկերներին, հաճախ ժպտում իրեն բնորոշ պարզությամբ։ Դասի ավարտին հավաքում է իր սեղանը, դասավորում գրենական պիտույքները, երբեմն էլ նույն պարզ ժպիտով օգնում ընկերներին:
Տղայի հաջողությունները նրա մորը ևս հուզմունքի ու ոգևորության առիթ են տալիս։ Նա հիմա ավելի մեծ վստահությամբ ու հավատով է խոսում Արամի առաջընթացի մասին․
«Անցած տարվա ընթացքում նա զգալիորեն փոխվել է․ սիրով է գալիս դպրոց, ձգտում ընկերանալ, շփվել և մասնակցել դասերին։ Անկեղծորեն սիրում և վստահում է մասնագետներին, ինչպես նաև իր ուղեկցողին։ Հմտորեն օգտվում է ճաշարանից, կարողանում է ինքնուրույն ընտրություն կատարել և հետևել իր հիգիենային»։
«Ռեսուրս սենյակի» շնորհիվ փոխվել է ոչ միայն Արամը, այլև նրան շրջապատող մարդիկ՝ ուսուցիչներ, օգնականներ, ընկերներ։ Ընդ որում, փոխվել է ոչ միայն նրանց վերաբերմունքն Արամի նկատմամբ ու նրա հետ հարաբերություններում, այլև առհասարակ, ընդունող, ներառող միջավայրի ընկալումը։
Նրա պատմությունը ուժի, նվիրումի ու իսկական ներառման պատմություն է՝ լի մարդկային ջանքերով և ջերմությամբ։
29.12.2025


