2025թ․ նոյեմբերի 25-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների մասնակցությամբ։
Ողջունելով ներկաներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը հանգամանալիորեն ներկայացրեց ոլորտում իրականացվող աշխատանքների առաջնահերթությունները։ Մասնավորապես շեշտադրումներ արվեցին ՏՄԱԿ-ներին ամրակցված ուսումնական հաստատությունների բաշխվածության, այս առումով անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման և հավաքագրման ուղղությամբ՝ աշխատանքների թիրախային իրականացման, հաստատություններում մանկավարժահոգեբանական աջակցության արդյունավետ կազմակերպման և պատշաճ կրթական միջավայր ապահովելու նպատակով։ Կարևորվեց նաև մարզպետարանների ու տարածքային ինքնակառավարման մարմնինների հետ համագործակցությունը տեղեկատվության հնարավորինս ամբողջական հավաքագրման, վերլուծությունների, աջակցությունների ու վերապատրաստումների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգում փոփոխություններով պայմանավորված երեխայի կարիքին համապատասխան աջակցության տրամադրման ընթացակարգերին և այդ աշխատանքները լավարկելու ուղղությամբ իրականացվելիք գործընթացներին։ Այդ համատեքստում կարևորվեց համակարգային մոտեցումը աշխատանքային հստակ ուղղությունների և փաթեթների մշակման առումով՝ ընդգծելով դրանց որակն ու արդյունավետությունը։ ՀՄԿ տնօրենը ուշադրություն հրավիրեց ՏՄԱԿ-ներում առկա թափուր հաստիքների համալրմանը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների էթիկական բնութագրիչներին՝ նաև դրանով պայմանավորելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանն անդրադարձավ ԱՈՒՊ-ների ճիշտ լրացման և կազմակերպման ընթացակարգերին՝ դրանց բարելավմանն ուղղված գործողությունները դիտարկելով ՏՄԱԿ-ների պատասխանատվության տիրույթում։
Հանդիպումն ուղեկցվում էր քննարկումներով և հարցուպատասխանով։ ՏՄԱԿ-ների տնօրենները ներկայացրին աշխատանքի առանձնահատկություններից բխող խնդիրները՝ առաջարկելով նաև լուծումների տարբերակներ։ Դիտարկվեցին աշխատանքային առաջնահերթությունները, հստակեցվեցին առաջիկա անելիքները։
25․11.2025


