ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, «Աստրա» առողջության ամրապնդման և բռնությունից պաշտպանության հիմնադրամի և ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի համագործակցությամբ 2025թ․ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով աշխատաժողով, որն ուղղված էր այս թեմայով իրականացված ձևավորող հետազոտության և ՀՀ դպրոցներում իրականացված առաջին առցանց հարցման արդյունքների ներկայացմանը և վերլուծությանը, առկա հիմնախնդիրների ու մարտահրավերների բացահայտման, դրանց կանխարգելման և լուծման ուղղությամբ համապատասխան մեխանիզմների ու ռազմավարությունների մշակմանը։
Զեկույցների բովանդակային առանցքում էին․
- ✦ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության հիմնախնդրի վերաբերյալ դպրոցներում իրականացված առաջին առցանց հարցման արդյունքները
- ✦ Առցանց հարցման իրականացման ընթացակարգը ՀՀ դպրոցներում
- ✦ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության հիմնախնդրի վերաբերյալ իրականացված ձևավորող հետազոտության մեթոդաբանությունը և կիրառված գործիքակազմը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը իր զեկույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ դպրոցներում իրականացված առաջին առցանց հարցման իրականացման ընթացակարգին։ Նա հանգամանալիորեն ներկայացրեց հետազոտության նպատակը և խնդիրները, մեթոդաբանությունը, ծնողների և երեխաների համաձայնության գնահատման, տվյալների հավաքագրման և մշակման գործընթացները՝ կարևորելով նաև երեխաների իրավունքների և անվտանգության գործոնները, խոսեց հարցման իրականացման մեխանիզմների, մասնակիցների ընդգրկվածության, հարցմանը մասնակցելու երեխաների պատրաստվածության մակարդակի մասին՝ ընդգծելով ցանկացած պարագայում երեխայի լավագույն շահը պաշտպանելու կարևորությունը։
Աշխատաժողովի ընթացքում անցկացվեցին քննարկումներ տարբեր ձևաչափերով, որոնց ընթացքում փորձագետներն ու տարբեր մասնագետները հայտնեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները համապատասխան ռազմավարությունների, մեխանիզմների ու գործիքակազմերի տեղայնացման, մշակման ու ներդրման ուղղությամբ։
Հարցումն իրականացվել է 2025 թվականին դեռահաս դպրոցականների (12-17 տարեկան) շրջանում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից «Աստրա» առողջության ամրապնդման և բռնությունից պաշտպանության հիմնադրամի և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հետ համագործակցությամբ:
01.12.2025

