2025թ․ դեկտեմբերի 11-ին Երևանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ անցկացվեց «ՄԵՆՔ ԱՐԵՎ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ» խորագիրը կրող աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայի շրջանակում։
Համաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ թիվ 24 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանը։ «Ներառական կրթության մեր տեսլականը դուրս է գալիս ֆիզիկական հասանելիության շրջանակներից՝ ընդգրկելով նաև հոգեբանական անվտանգության ապահովումը»,-ընդգծեց նա՝ կարևորելով այնպիսի աշխարհի ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ իր կրթության առանձնահատուկ պայմանների կարիքից, կզգա իրեն արժևորված և պաշտպանված։
Աշխատաժողովի խոսնակներն անդրադարձան կրթության ոլորտի առաջնահերթություններին և արդիական լուծում պահանջող հիմնահարցերին։ Առանձնակի ուշադրության արժանացան սովորողների արդյունավետ ներառմանը նպաստող գործընթացներն ու արձանագրված հաջողությունները։
Միջոցառումը շարունակվեց պանելային քննարկման ձևաչափով, որի խոսնակներն էին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ԼԽՈՒԵ կրթահամալիրի տնօրեն Արմինե Բաբայանը, թիվ 24 դպրոցի ուսուցիչ Արիկնակ Օհանովան, ծնողական համայնքի ներկայացուցիչներ Անի Գրիգորյանը և Կարինե Մարությանը։ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը հանգամանալիորեն ներկայացրեց ներառական կրթության և դպրոցներում անվտանգ և ապահով կրթական միջավայրի ապահովման ուղղությամբ 2025 թվականի ընթացքում իրականացված գործողությունները, անդրադարձավ ՀՄԿ-ի կողմից ստեղծված և հրատարակված բովանդակային մշակումներին, մասնավորապես աշխատանքային գիրք-տետրերին, ուսումնամեթոդական ձեռնարկներին և ուղեցույցներին, որոնք լավ ռեսուրս են ուսուցիչների և աշակերտների համար և որոնց էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՄԿ կայքում։
Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական համարներով։ Այն ամփոփվեց ԼԽՈՒԵ կրթահամալիրի սաների «Մենք արև ենք միասին» գեղեցիկ կատարումով, որը յուրովի ջերմացրեց և դրական հույզեր փոխանցեց հանդիսատեսին։
12.12.2025


