Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագրի շրջանակներում 2025թ․ դեկտեմբերի 12-20-ը իրականացվեց ծրագրի մենթորների և մշտադիտարկողների երկրորդ խմբի վերապատրաստման դասընթացը, որի հիմքում Ծրագրի բովանդակության փոփոխությունն է։
Փոփոխությունները մեկնարկելու են 2026թ-ից և ուղղված են արդիականացնելու և կատարելագործելու մասնակիցների դասավանդման հմտությունները Ծրագրի նոր փուլի արդյունավետ իրականացման համար։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը մասնակիցներին ներկայացրեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից այս ուղղությամբ իրականացվող և նախատեսվող նախագծերը՝ կարևորելով դպրոցներում ուսուցիչների կարողությունների հզորացմանն ուղղված գործողությունները։ Անվտանգ կրթական միջավայրի ապահովման գործոնների համատեքստում նա անդրադարձավ ուսուցիչների համապատասխան հմտությունների ձևավորմանը, ուսումնական հաստատությունների ֆիզիկական միջավայրերի անվտանգությանը և մատչելիությանը, խելամիտ հարմարեցումներին և այլն։
Դասընթացավարներն էին ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի պետ Ռուզաննա Մուրադյանը, Ծրագրի համակարգող՝ ՀՄԿ մասնագետ Մարինա Հովհաննիսյանը, Ծրագրի մենթորներ՝ Նարինե Մեսրոպյանը և Աննա Ասլանյանը։
Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին «Դպրոցում երեխաների պաշտպանության և անվտանգության ուղեցույց»-ի հիման վրա մշակված «Ապահով և անվտանգ կրթական միջավայր» թեմայի, ինչպես նաև «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկում ներառված բովանդակային նյութերն ու սովորողների հետ աշխատելու գործիքակազմերը։
Դասընթացի թեմատիկ առանցքում էին դպրոցում երեխաների հոգեբանական, ֆիզիկական անվտանգության, օրենսդրական պաշտպանության, բռնության (բուլինգի) կանխարգելման և արձագանքման, ՀԱՀՍԱ համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացները, ինչպես նաև ՀԱՀՍԱ գործընթացում ուսուցչի, հոգեբանի դերին և աշխատանքային գործիքակազմին, սովորողների սոցիալ-հուզական ուսումնառության հմտություների ձևավորմանը, թվային նորարարությունների գործիքակազմերի կիրառությանն առնչվող հարցեր։
Ինտերակտիվ դասավանդման սկզբունքով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան հանդես գալ որպես դասընթացավարներ, ինչպես նաև գործարկել հետադարձ կապի մեխանիզմը յուրաքանչյուր վերապատրաստողի հմտությունները բարելավելու նպատակով։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագիրն ուղղված է շարունակական մենթորական աջակցության միջոցով նպաստելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը դպրոցներում ապահով և անվտանգ միջավայր ստեղծելու, ինչպես նաև սովորողների հոգեսոցիալական տոկունությունը բարձրացնելու նպատակով։
23.12.2025

