Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետների կողմից 2025թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել են «ՆԵՐԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» թեմայով դասընթացներ ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ծրագրեր իրականացնող հաստատությունների շուրջ 360 մանկավարժական աշխատողների համար։
Վերապատրաստման դասընթացների նպատակն էր նպաստել ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական համակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ ձևավորելով ներառական կրթության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ։
Վերապատրաստումների ընթացքում անդրադարձ է կատարվել սովորողների ներառմանն ուղղված մոտեցումներին՝ անկախ նրանց սոցիալական, մշակութային, տնտեսական, աշխարհագրական կամ էթնիկ պատկանելությունից, ինչպես նաև հաշմանդամության առկայությունից։ Միաժամանակ մասնակիցները տեղեկացվել են ՄԿՈՒ ոլորտում գործող օրենսդրական կարգավորումների և մեթոդաբանական նոր մոտեցումների վերաբերյալ։
Դասընթացների տեսական մասը զուգորդվել է գործնական աշխատանքներով, որոնց ընթացքում կիրառվել են սցենարային առաջադրանքներ, դերախաղեր, տեսանյութեր, խմբային քննարկումներ և իրավիճակների վերլուծություն՝ ապահովելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը և ուսումնական նյութի կիրառելիությունը մասնագիտական գործունեության ընթացքում։
Դասընթացների ավարտին մասնակիցները բարձր են գնահատել ծրագրի բովանդակային հագեցվածությունը, թեմաների արդիականությունն ու գործնական ուղղվածությունը՝ նշելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն ներառող կրթական միջավայրի զարգացմանը ՄԿՈՒ հաստատություններում։
14.01.2026


