ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) և Քվեբեկի Հայկական բժշկական ասոցիացիայի (AMAQ) համագործակցությամբ 2023թ-ից Հայաստանում իրականացվում է երեխաների և դեռահասների տոկունության զարգացման «FOCUS» ուսումնական ծրագիրը, որի շրջանակում 2025թ․ դեկտեմբերի 22-23-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցան երկօրյա վերապատրաստման դասընթացներ։
Վերապատրաստումները միտված էին կատարելագործել և արդիականացնել մասնագետների հմտությունները դպրոցահասակ և դեռահասային տարիքի երեխաների հուզազգայական տոկունության բարձրացման՝ FOCUS-ում ներառված հիմնական ունակությունների ձևավորման և զարգացման ուղղությամբ․
- ✦ հույզերի կարգավորում
- ✦ հաղորդակցություն
- ✦ նպատակադրում
- ✦ խնդիրների լուծում
- ✦ սթրեսակայունություն։
Դասընթացներին մասնակցում էին Կոտայքի և Արարատի մարզերի ավելի քան 50 հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբաններ։
Վերապատրաստումներն իրականացնում էին FOCUS ծրագրի հավաստագրված վերապատրաստողներ Աստղիկ Գրիգորյանը, Անուշ Հովհաննիսյանը, Նաիրա Մխիթարյանը, Քրիստինե Մկրտչյանը և Նունե Վարդանյանը։
Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նա խոսեց երեխաների ու դեռահասների տոկունության զարգացման, տարածաշրջանային բարդ զարգացումների համապատկերում այս ուղղությամբ իրականացվող նախագծերի կարևորության մասին, հանգամանալիորեն ներկայացրեց FOCUS ծրագրի շրջանակում տարբեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող գործընթացները, անդրադարձավ նաև ծրագրի ներդրման շրջանակներում նախատեսվող գործողություններին։
Դասընթացներն իրականացվում էին փոխլրացնող՝ տեսական և գործնական փուլերով, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացան երեխաների հուզական կարգավորման, հաղորդակցության, նպատակների սահմանման, խնդիրներին լուծում տալու, սթրես հիշեցնող գործոնների կառավարման առանձնահատկություններին տարիքային տարբեր խմբերի հետ աշխատելիս: Նրանք ստացած գիտելիքներն ամրապնդեցին տարբեր գործնական վարժություններով՝ կիրառելով վարքագծային կառավարման ռազմավարություններ, մեթոդներ ու տեխնիկաներ և ճկուն կերպով համադրելով դրանք տեղային առանձնահատկություններին ու դպրոցական միջավայրերին՝ ծրագրում ներառված ինը մոդուլներին համապատասխան։
FOCUS տոկունության զարգացման ուսումնական ծրագիրը մշակվել է Լոս Անջելեսի կալիֆորնյան /UCLA/ համալսարանի Բնակչության վարքագծային առողջության բաժնի կողմից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում թարգմանվել հայերեն և ներդրվել Հայաստանում: 2023–2025 թթ. իրականացվել է ծրագրի փորձնական փուլը Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում, որին ներգրավվել է 6 դպրոց, 7 մասնագետ, 125 սովորող։ Ծրագրի պիլոտային փորձարկման արդյունքները վկայում են դպրոցահասակ երեխաների ու դեռահասների մոտ բարեկեցության (WHO-5) և տոկունության (CD-RISC) մակարդակների վիճակագրորեն նշանակալի բարձրացման, ինչպես նաև ծրագրի մեթոդաբանության և մասնագիտական մոտեցումների բարձր գնահատականի մասին։ 2025–2026թթ. նախատեսվում է ծրագիրը շարունակել Կոտայքի և Արարատի մարզերի դպրոցներում՝ ներառելով ծրագրի մշտադիտարկում և ներդրում, շարունակական խորհրդատվություն, վերապատրաստողների վերապատրաստում (TOT):
Նշենք, որ Հայաստանում FOCUS նախագիծն իրականացվում է Հայկական Բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դրամաշնորհի և Քվեբեկի Հայկական բժշկական ասոցիացիայի (AMAQ) աջակցությամբ:
29.12.2025

