ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Կրթական համակարգի զարգացում կրթության մեջ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներառման միջոցով» ծրագրի շրջանակներում շարունակվում են աշխատանքները 8 հանրակրթական ուսումնական հաստատություններում: Այս փուլում իրականացվում են աշխատանքներ՝ ուղղված սովորողների հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը, և միտված են սոցիալ-հուզական, սթրեսի կառավարման, փոխհարաբերությունների ու հաղորդակցման, ինքնորոշման հմտությունների զարգացմանը։
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում իրականացվում են կոնկրետ վարժություններ, որոնք կազմված են սովորողների տարիքային զարգացման չափանիշների, նրանց հետաքրքրությունների, առանձնահատկությունների և կարիքների հիման վրա: Վարժությունները հեշտությամբ կիրառվում են մանկավարժների կողմից ուսումնական գործընթացում կամ արտադասարանական աշխատանքների ժամանակ, նաև՝ հոգեբանի հետ համատեղ դասավանդման միջոցով։
Հանդիպումներն անցնում են աշխույժ ու դրական մթնոլորտում՝ նպաստելով փոխգործակցությամբ և համատեղ ջանքերով գործընթացի արդյունավետ իրականացմանը։
Ուսումնական միջավայրում երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանն ու բարեկեցությանն աջակցելը կարևոր է, քանի որ դրանով ապահովվում է նրանց՝ ուսմանը լիարժեք և արդար մասնակցության լավագույն հնարավորությունը:
Ծրագրին մասնակից դպրոցներն են՝
- ✦ Երևանի թիվ 181 հիմնական դպրոց
- ✦ Երևանի թիվ 131 հիմնական դպրոց
- ✦ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
- ✦ Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց
- ✦ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց
- ✦ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց
- ✦ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց
- ✦ Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոց
30.12.2025


