Ամանորի հրաշքն ամենուր է․ երեխաները սպասում են Սուրբ Ծննդյան տոնին․․․ Եվ ահա, բացվում է հեքիաթի վարագույրը․ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի պատանի դերասանները հանդիսատեսին տեղափոխում են հեքիաթի իրականություն…
«ԱՐԵՎԻ ՇՈՂԸ» (բեմադրության և բեմականացման հեղինակ` «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ղեկավար, ռեժիսոր Մարինե Ասատրյան) հետաքրքիր ու յուրօրինակ պատմություն է հույսի, վստահության, փոխօգնության, քաջության, ընկերության, մարդկային պարզ հաղորդակցության և այն մասին, թե ինչպես բարի և անկեղծ խոսքերն ու վերաբերմունքը կարող են փոխել դիմացինին, ստիպել նրան վերանայել իր գործողությունները, համագործակցել և արդյունքում ստեղծել բարիք բոլորի համար։
Ներկայացման հերոսները հանդիսատեսին փոխանցեցին իրենց ապրումներն ու հույզերը՝ հրավիրելով յուրօրինակ հեքիաթային ճամփորդության և ձմռան մեջ միասին բացահայտելու ջերմ ու լուսավոր պահերը։ Հանդիսատեսն ակնհայտ հետաքրքրությամբ հետևում էր հերոսների՝ փորձություններին դիմակայելու ընթացքին, նրանց հետ կիսում դեպի նպատակ տանող ճանապարհի խոչընդոտները հաղթահարելու ապրումներն ու վճռականությունը։
Ծափողջույններ, ժպիտներ, երգ, ու պար և արևի գտնված շողեր․ այս ամենը ավելի էին ջերմացնում մթնոլորտը՝ դրական հույզերով և ուրախ տրամադրությամբ համակելով բոլորին։
Ընդհանուր ոգևորությունը կիսեց նաև ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը՝ բարձր գնահատելով և ընտրված թեման, և մատուցման յուրահատկությունը, ինչպես նաև թատերախմբի մասնակիցների՝ ավելի հասուն և հմուտ դերասանական խաղը՝ հորդորելով «երբեք չկորցնել ներքին լույսը և անշեղ վճռականությամբ գնալ դեպի արևի շողերը»։
Տրամադրությունը տոնական էր, միջոցառումը՝ ինքնատիպ առիթ՝ հիշեցնելու, որ նույնիսկ ամենացուրտ ձմռան մեջ կան արևի շողեր ու ջերմություն, որոնք պետք է որոնել ու գտնել պարզ, անմիջական հարաբերություններ կառուցելու միջոցով։ Սուրբ Ծննդյան հրաշքը միշտ այցելում է մեզ ճիշտ ժամանակին․ միայն պետք է հավատալ և նրան մոտենալու համարձակություն ունենալ։ Թող այդ հրաշքը լինի յուրաքանչյուրի կյանքում:
07.01.2026

