ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Կրթական համակարգի զարգացում կրթության մեջ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներառման միջոցով» ծրագրի շրջանակներում շարունակվում են աշխատանքները նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Այս փուլում իրականացվող հանդիպումները նպատակ ունեն աջակցելու երեխաների հոգեսոցիալական բարեկեցությանը և ներքին տոկունության ձևավորմանը խաղային, շարժական և ստեղծագործական մեթոդների միջոցով։ Ծրագրի շրջանակում երեխաները զարգացնում են իրենց հույզերը ճանաչելու և արտահայտելու, լարված իրավիճակներում հանգիստ վարք դրսևորելու, համագործակցելու, շփվելու և ինքնուրույն ընտրություն կատարելու հմտությունները։
Յուրաքանչյուր հանդիպում կառուցված է հետաքրքիր խաղերի և վարժությունների շուրջ, որոնք մշակված են՝ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները և անհատական կարիքները։ Վարժությունները հեշտությամբ կիրառելի են մանկավարժների կողմից առօրյա կրթական գործընթացում՝ խմբային գործունեության, խաղային ժամանցի և կազմակերպված պարապմունքների, ինչպես նաև հոգեբանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում։
Հանդիպումներն անցնում են ջերմ, ապահով և դրական մթնոլորտում, որտեղ երեխաները սովորում են վստահել իրենց, միմյանց և մեծերին խաղի ու փոխգործակցության միջոցով։ Նախադպրոցական տարիքում երեխաների հոգեկան առողջությանն ու բարեկեցությանն աջակցելը կարևոր հիմք է նրանց համակողմանի զարգացման, սոցիալական հմտությունների ձևավորման և հետագա կրթական գործընթացում հաջողությամբ ներառվելու համար։
Ծրագրին մասնակից նախադպրոցական ուսումնական հաստատություններն են․
- ✦ Երևանի թիվ 39 մանկապարտեզ
- ✦ Երևանի թիվ 96 «Հեքիաթ» մանկապարտեզ
- ✦ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 9 մանկապարտեզ
- ✦ Կոտայքի մարզի Չարենցավանի «Հեքիաթ» մանկապարտեզ
- ✦ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ
- ✦ Լոռու մարզի Կուրթանի մանկապարտեզ
- ✦ Շիրակի մարզի Ազատանի «Արփի» մանկապարտեզ
- ✦ Շիրակի մարզի «Կարմիր գլխարկ» մանկապարտեզ
12.02.2026


