Կառավարության որոշմամբ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի:
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնն ամբողջությամբ կպահպանի կրթահամալիրում կուտակված մասնագիտական փորձն ու ներուժը՝ ապահովելով լսողության խանգարումներ ունեցող երեխաներին տրամադրվող աջակցության գործառույթի իրականացումը:
Հիշեցնենք, որ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպումն է: Կենտրոնը տրամադրում է նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ այլ ուսումնական հաստատություններում սովորող՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։
Կատարված փոփոխությամբ կապահովվի պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և երեխայի կրթության իրավունքի իրականացումը՝ նոր և ավելի համապարփակ մոտեցմամբ։
«Հանրակրթության մասին» օրենքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացի կազմակերպման համար տրված նոր կարգավորումների համաձայն՝ ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը, և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել են «ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
12.02.2026


