Էպիլեպսիայի միջազգային օրվան ընդառաջ՝ 2026թ․ փետրվարի 7-ին Արաբկիր բժշկական համալիրի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով անցկացվեց «Էպիլեպսիա՝ ստվերից դուրս» խորագրով համաժողովը, որը նվիրված էր էպիլեպսիայի մասին իրազեկմանը, էպիլեպսիա ունեցող երեխաների առողջության, կրթության աջակցման և սոցիալական ինտեգրման հարցերին։
Համաժողովը համախմբել էր տարբեր գերատեսչությունների պատասխանատուներին ու ոլորտի առաջատար մասնագետներին, մանկավարժներին, բուժառուներին, նրանց ծնողներին, լրագրողներին և խնդրով մտահոգ մարդկանց՝ դառնալով համագործակցության հարթակ էպիլեպսիա ունեցող երեխաների խնդիրներին ծանոթանալու և համակարգային լուծումներ գտնելու համար։
Համաժողովին ներկայացվեցին էպիլեպսիայի մասին ժամանակակից բժշկական ձեռքբերումները, հետազոտություններն ու բուժման նոր մոտեցումները, միջազգային և Հայաստանյան փորձը, քննարկվեցին ներառական կրթության և սպորտի հնարավորություններն ու անելիքները, անդրադարձ կատարվեց առաջին օգնության ճիշտ քայլերին, ինչպես նաև այս ուղղությամբ հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի հաղթահարման կարևորությանը։
Ելույթով հանդես եկավ նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Ներկայացնելով հանրապետությունում ներառական կրթության կազմակերպման գործընթացները, այդ շրջանակում Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերն ու գործողությունները՝ նա կարևորեց անվտանգ, ապահով և հոգեբանորեն պաշտպանված միջավայրի առկայությունը կրթական հաստատություններում՝ այդ համատեքստում անդրադառնալով մանկավարժների, երեխաների ու ծնողների իրազեկվածության բարձրացման, էպիլեպսիայի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանցման կարևորությանը։ Նա ընդգծեց ՀՄԿ-ի դերն ու գործառույթը բոլոր երեխաների կրթության անխոչընդոտ իրականացման տեսանկյունից՝ շեշտադրելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման անհրաժեշտությունը։
Էպիլեպսիա ունեցող երեխաների ծնողները ներկայացրին իրենց պատմությունները։ Նրանք խոսեցին ոչ միայն իրենց երեխաների առջև ծառացող մարտահրավերների, այլև ամենօրյա փոքր հաղթանակների մասին։
Էպիլեպսիան չի «դադարեցնում» մանկությունը, իսկ կարծրատիպերից և սահմանափակումներից հնարավոր է ձերբազատվել գիտակից վերաբերմունքի և իրազեկվածության բարձրացման արդյունքում։
13.02.2026

