Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Աստրա» առողջության ամրապնդման և բռնությունից պաշտպանության հիմնադրամի և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հետ համագործակցությամբ 2025 թվականի ընթացքում իրականացրել է Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առցանց հարցում, որի արդյունքներն ամփոփվել են «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով աշխատաժողովի ընթացքում։
Հետազոտությունը նպատակաուղղված էր Հայաստանի դպրոցներում դեռահասների շրջանում երեխաների նկատմամբ սեռական շահագործման և բռնության չափման անվտանգ և հավաստի գործիքակազմի մշակմանը, փորձարկմանը, ինչպես նաև դրա կիրառման արդյունքների արձանագրմանը։ Հարցումն իրականացվել է դեռահաս դպրոցականների (12-17 տարեկան) շրջանում։ Աշխատանքային խումբը՝ մշակելով իրականացված ձևավորող հետազոտության և ՀՀ դպրոցներում առաջին առցանց հարցման արդյունքները և վերլուծությունը՝ մասնագետների և բոլոր շահագրգիռ կառույցների ուշադրությունն է հրավիրում առկա հիմնախնդիրների ու մարտահրավերների բացահայտման, դրանց կանխարգելման և լուծման ուղղությամբ համապատասխան մեխանիզմների, ռազմավարությունների ու գործիքակազմերի մշակման, տեղայնացման ու ներդրման անհրաժեշտության վրա։
Հետազոտության արդյունքների վերլուծությունը ներառում է՝
- ✦ հետազոտության նպատակը և խնդիրները,
- ✦ մեթոդաբանությունը,
- ✦ ծնողների և երեխաների համաձայնության գնահատման, տվյալների հավաքագրման և մշակման ընթացակարգերը,
- ✦ հարցվողների սոցիալ-ժողովրդագրական բնութագրիչները,
- ✦ անվտանգության համակարգերը համայնքում, դպրոցում, ինչպես նաև առցանց տիրույթում,
- ✦ դիտարկվել են նաև ընտանեկան միջավայրի և հաղորդակցան, կանխարգելիչ կրթության ազդեցության, բռնության նկատմամբ երեխաների իրազեկվածությանն ու վերաբերմունքին վերաբերող հարցեր։
«Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առցանց հարցման արդյունքները» հետազոտությունը հասանելի է ՀՄԿ կայքի «Հետազոտություններ» բաժնում:
18.02.2026

