Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագրի շրջանակում 2026թ․ մարտի 2-6-ը անցկացվեց վերապատրաստման դասընթաց Երևան քաղաքի մենթորների համար։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց Կենտրոնի կողմից այս ուղղությամբ իրականացվող գործընթացներն ու նախատեսվող ծրագրերը՝ կարևորելով դպրոցներում ուսուցիչների կարողությունների հզորացմանն ուղղված գործողությունները։
Անվտանգ կրթական միջավայրի ապահովման գործոնների համատեքստում Լ․ Մնացականյանն անդրադարձավ նաև ուսուցիչների համապատասխան հմտությունների ձևավորմանը, ուսումնական հաստատությունների ֆիզիկական միջավայրերի անվտանգությանը և մատչելիությանը, խելամիտ հարմարեցումներին և այլ հարցերի։
Դասընթացավարներն էին ՀՄԿ մասնագետներ Հայկուհի Ադամյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լիանա Մարգարյանը, Մարինա Հովհաննիսյանը, Լուսինե Հակոբյանը, Օֆելյա Գրիգորյանը, Նարինե Մեսրոպյանը, Գայանե Մանուկյանը և Աննա Ասլանյանը։
Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին «Դպրոցում երեխաների պաշտպանության և անվտանգության ուղեցույցի» հիման վրա «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկում ներառված բովանդակային նյութերը, ինչպես նաև «Ներառող դասավանդման և ուսումնառության ռազմավարություններ» սովորողների հետ աշխատելու գործիքակազմերը։
Դասընթացի թեմատիկ առանցքում էին դպրոցում երեխաների հոգեբանական, ֆիզիկական անվտանգության, օրենսդրական պաշտպանության, բռնության (բուլինգի) կանխարգելման և արձագանքման, ՀԱՀՍԱ համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացները, ինչպես նաև ՀԱՀՍԱ գործընթացում ուսուցչի, հոգեբանի դերին և աշխատանքային գործիքակազմին, սովորողների սոցիալ-հուզական ուսումնառության հմտություների ձևավորմանը, թվային նորարարությունների գործիքակազմերի կիրառությանն առնչվող հարցեր։
Ինտերակտիվ դասավանդման սկզբունքով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան հանդես գալ որպես դասընթացավարներ, ինչպես նաև գործարկել հետադարձ կապի մեխանիզմը յուրաքանչյուր վերապատրաստողի հմտությունները բարելավելու նպատակով։
Դասընթացի ավարտին ՀՄԿ տնօրենը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր՝ վստահություն հայտնելով, որ մեր կառույցից դեպի դպրոցներ են գնալու գիտելիքներով հարուստ, նվիրված և իրենց գործի գիտակ մենթորներ՝ օգնելու ուսուցիչներին կատարելագործվել իրենց աշխատանքում:
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագիրն ուղղված է շարունակական մենթորական աջակցության միջոցով նպաստելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը դպրոցներում ապահով և անվտանգ միջավայր ստեղծելու, ինչպես նաև սովորողների հոգեսոցիալական տոկունությունը բարձրացնելու նպատակով։
12.03.2026

