ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2026թ․ մարտի 19-ին իրականացվեց «ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐ» թեմայով առցանց դասընթաց ծնողների համար:
Դասընթացը վարում էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Սյուզաննա Պետրոսյանը։
Դասընթացի նպատակն էր ծնողներին և մասնագետներին փոխանցել այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք կնպաստեն աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների սոցիալականացման հմտությունների զարգացմանը, նրանց՝ հասարակության մեջ ինտեգրելու, ինչպես նաև երեխաների հաջող սոցիալականացմանը նպաստող միջավայրերի խրախուսմանն ու ձևավորմանը։
Բանախոսը ներկայացրեց սոցիալական նորմերի և հմտությունների ուսուցման տարբեր ռազմավարությունները, աուտիզմ ունեցող երեխաների՝ հասարակական կյանքին մասնակցության տարբեր ձևերը, նրանց սոցիալական հմտությունների զարգացմանը նպաստող ժամանակակից մոտեցումները։ Կարևորվեց անհրաժեշտ սոցիալական վարքաձևերի ուսուցումը վարքային օրինակի միջոցով, վաղ միջամտությունը, ինչպես նաև ակադեմիական միջավայրերի բարենպաստ ազդեցությունը խոսքի և սոցիալական հմտությունների զարգացման առումով։
Հստակեցվեցին սոցիալական հմտությունների ուսուցման նպատակները, այն է՝
- ✦ երեխաներին սովորեցնել արձագանքման համալիր համակարգ, որը թույլ կտա նրանց հարմարվել միջավայրային տարբեր իրավիճակներում,
- ✦ ինչպես նաև զարգացնել կարողություններ, որոնք թույլ կտան նվազեցնել բացասական վարքը, տագնապը,
- ✦ հարմարվել նոր և անսպասելի իրավիճակներին,
- ✦ հաղթահարել դժվարությունները,
- ✦ կանխել բացասական հույզերի դրսևորումները,
- ✦ կայացնել որոշումներ։
Անդրադարձ կատարվեց ստրուկտուրավորված ուսուցման և արդյունավետ հրահանգավորման, սոցիալական շփման աջակցության ձևերին։ Դիտարկվեցին ծնող-երեխա փոխհարաբերությունները՝ որպես սոցիալ-հուզական զարգացման խթան, ինչպես նաև երեխաների ուժեղ կողմերը բացահայտելու և դրանց միջոցով նրանց սոցիալականացման զարգացմանը նպաստելու մեթոդները։
Հանդիպումն ուղեկցվում էր աշխույժ հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց անհանգստացնող տարբեր խնդիրների վերաբերյալ խորհուրդներ և ուղղորդումներ։
Հետևեք մեր էջին՝ «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայի շրջանակներում իրականացվող հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
20.03.2026


