ՄԱՐՏԻ 27-ը ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Մարտի 27-ը ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է։ Այս օրը նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» խորագրով:
Թատրոնը համարվում է յուրահատուկ միջազգային լեզու, որը միավորում է մարդկանց՝ անկախ սահմաններից ու առանձնահատկություններից։ Այն մի արվեստ է, որտեղ դերասանի և հանդիսատեսի անմիջական շփումը անփոխարինելի է նույնիսկ թվային դարաշրջանում և կարևոր դեր ունի սոցիալականացման գործընթացում մարդուն անհրաժեշտ հոգեբանական մեխանիզմների ըմբռնման տեսանկյունից։
Մանկապատանեկան թատրոնը ևս այս համատեքստում է և ուղղորդվում է «Տարե՛ք երեխային թատրոն կամ թատրոնը բերեք երեխայի մոտ» կարգախոսով, որն ընդգծում է՝ թատրոնը ոչ միայն ժամանց է, այլ նաև կրթական և ինքաճանաչմանը նպաստող հզոր միջոց։
Այն օգնում է երեխաներին արտահայտել իրենց զգացմունքները, զարգացնել երևակայությունը, հաղորդակցման հմտությունները, ինքնարտահայտումը և ինքնավստահությունը։
Միևնույն ժամանակ, թատրոնը կարևոր ներառական հարթակ է․ այն հնարավորություն է տալիս տարբեր կարողություններ և առանձնահատկություններ ունեցող երեխաներին ներգրավվել ստեղծագործական գործընթացում և զգալ իրենց հավասարապես արժևորված․ այն յուրահատուկ միջավայր է, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իրեն, զարգանալ և հավատալ իր հնարավորություններին։
Տոնի խորհուրդը յուրահատուկ կերպով է ընկալվում նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում, որտեղ 2022թ-ից գործում է մանկապատանեկան «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը։ Վերջինս իր գործունեության ընթացքում նպաստել է բազմաթիվ երեխաների ու պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, տարբեր միջավայրերում նրանց ներառման հնարավորությունների ընդլայնմանը, արվեստի միջոցով ինքնարտահայտման կարողությունների իրացմանը և հասարակական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը։
Սիրով շնորհավորում ենք ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբին Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, մաղթում նոր գաղափարներով և ներշնչանքով հագեցած ստեղծագործական ընթացք և հաջողություններ:
27․03.2026

