ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼՈԲԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
2026թ․ մարտին Փարիզում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի 6-րդ տարեկան հանդիպումը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Հանդիպման առանցքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցն էր, որում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կրթության համակարգի արդյունքներին։
Զեկույցի «Հավասարություն» բաժնում ներկայացվել է Հայաստանի համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ որպես առանձին ուսումնասիրություն և հաջողված փորձ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հատուկ դպրոցներ հաճախող և հաշմանդամություն ունեցող երեխաների թվի նվազմանը, ինչը պայմանավորված է համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրմամբ և հանրակրթական դպրոցներում բոլոր երեխաների ներգրավմամբ:
Զեկույցում նշվում են համընդհանուր ներառական կրթության կազմակերպման մի շարք ուղղություններ, որոնց շրջանակում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել․
- ✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի շարունակական բարելավում,
- ✦ ծնողների իրազեկվածության բարձրացում,
- ✦ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցուցանիշի նվազում,
- ✦ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ներգրավված սովորողների թվի աճ։
Միջոցառման շրջանակում Ա․ Սվաջյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրել է ՀՀ պետական քաղաքականությունը տեղահանված, խոցելի խմբի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կրթության անհապաղ հասանելիության ապահովման ուղղությամբ:
Փոխնախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ իրականացված արագ և համապարփակ միջոցառումներին, դպրոցների կողմից իրականացված հոգեբանական և հոգեսոցիալական աջակցության ծրագրերին, ուսուցչական անձնակազմի վերապատրաստումներին, ուսումնական ծրագրերի վերանայմանը, դպրոցների՝ մատչելիության չափանիշներին հարմարեցմանը, իրականացվող քաղաքականության արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնմանն առհասարակ։ Արձանագրելով Հայաստանի փորձն այս ոլորտում՝ նա կարևորել է թվայնացման գործիքների կիրառմամբ ընդունելության գործընթացի վերահսկողությունը մանկապարտեզներում, դպրոցներում և մասնագիտական հաստատություններում յուրաքանչյուր երեխայի կրթական ուղուն հետևելու, ուսման առաջընթացը գնահատելու և դպրոցից դուրս մնալու հնարավոր ռիսկերը կանխելու առումով՝ բոլոր երեխաների համար ապահովելով հնարավորություն լիարժեք իրացնելու կրթության իրավունքը վաղ մանկությունից մինչև միջնակարգ և մասնագիտական կրթություն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիթորինգի զեկույցը «Հետհաշվարկ մինչև 2030 թվականը» խորագիրը կրող եռամաս շարք է, որն ուսումնասիրելու է կրթության հասանելիության և հավասարության (2026թ․), որակի և ուսուցման (2027թ․), արդիականության (2028/29թթ․) առաջընթացը։ Ստացված տվյալների և երկրների օրինակների վրա հիմնվելով՝ այն ցույց է տալիս, որ կրթական կայուն առաջընթացը կախված է հետևողական քաղաքականությունից, փոփոխվող հանգամանքներին արձագանքելու կարողությունից և հավասարության նկատմամբ ունեցած երկարաժամկետ հանձնառումից: Միասին այս զեկույցները կգնահատեն, թե ինչպես են կրթական համակարգերն ընդլայնում հնարավորությունները, աջակցում կրթությանը՝ զինելով սովորողներին համապատասխան գիտելիքներով և հմտություններով՝ դիմակայելու հնարավոր մարտահրավերներին։
Գլոբալ կրթության մոնիթորինգի զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://unesdoc.unesco.org/…/PDF/397618eng.pdf.multi
01․04.2026

