Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստին:
Փոփոխությունները և լրացումները պայմանավորված են բուհեր ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերանայվել է՝
- ✦ հանրակրթության պետական չափորոշիչը,
- ✦ սահմանվել են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական նոր պահանջներ,
- ✦ մշակվել և հաստատվել են նոր առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:
Բուհեր ընդունելության կարգում ավելացվում է նոր կետ, ըստ որի՝ ընդունելության համապատասխան փուլերի հայտագրման ժամկետների ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ, ներկայացնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր՝ բժշկական տեղեկանքներ, որպեսզի ընդունելության քննությունների ընթացքում ապահովվեն խելամիտ հարմարեցումներ:
Դրանց թվում են նաև՝
- ✦ բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցները,
- ✦ անհատական տեխնիկական միջոցները,
- ✦ ժեստերի թարգմանիչները և այլն:
Բացի այդ՝ որոշմամբ կատարվել են նաև մի շարք այլ տեխնիկական փոփոխություններ:
Որոշումը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
20.04.2026

