Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրի շրջանակներում ընթացող վերապատրաստումները իրականացվում են նաև առցանց ձևաչափով։ Ս․թ․ օգոստոսի 4-7-ը «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի վերապատրաստման առցանց հանդիպումներին մասնակցում էին Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում դասավանդող շուրջ 300 ուսուցիչներ։
Դասընթացները, լինելով ինտերակտիվ, հագեցած էին տեսական և գործնական նյութերով ու վարժանքներով։
Ուսուցիչներին ներկայացվեցին դպրոցական յուրաքանչյուր մակարդակում չափորոշիչների խմբավորված չորս հիմնական գիտակարգային գաղափարային ուղղությունները՝ «Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը», «Թվային գործիքներն ու համագործակցությունը», «Հաշվողական համակարգեր» և «Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն», որոնք էլ բաժանվում էին առանձին թեմաների։