Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարն անդրադարձել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի փորձարարական ներդրման ծրագրի շրջանակներում տեղի ունեցած՝ դպրոցների ղեկավար կազմերի հետ եռօրյա հանդիպմանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։
Ընդգրկուն ու բազմաշերտ այս նախաձեռնության առանցքային դերը վերապահված է դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին, նրանց կառավարման որակին: Փորձագետների համոզմամբ դժվար է սպասված արդյունքը տեսնել՝ առանց տնօրենի ճիշտ ուղղորդման, որքան էլ ուսուցիչը հմուտ ու բանիմաց լինի:
Նախաձեռնության կարևորության և սպասելիքների մասին առցանց ուղերձ հղեց նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Դպրոցների կառավարման պատասխանատուների հետ առցանց և դեմ առ դեմ ևս մի քանի հանդիպումներ են նախատեսվում մինչև ուսումնական տարեվերջ:
Հիշեցնենք, որ վերապատրաստումներն իրականացվում են «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ի փորձագետների կողմից։ Ծրագրի լոգիստիկ աշխատանքները կազմակերպել և իրականացնում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։
Սկզբնաղբյուրը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարի պաշտոնական կայքէջ