ԱՊՐԻԼԻ 2-Ը ԱՈՒՏԻԶՄԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է։
Այն ևս մեկ առիթ է խոսելու աուտիզմ ունեցող մարդկանց, նրանց տարբեր իրավունքների իրացման, հասարակությունների կողմից նրանց ընդունված լինելու և հատկապես նրանց առանձնահատկությունների մասին։
Աուտիզմ ունեցող մարդիկ յուրահատուկ են իրենց ինքնարտահայտման դրսևորումներով։ Կա տեսակետ, որ եթե ճանաչում եք աուտիզմ ունեցող մեկ մարդու, ապա ճանաչում եք միայն նրան։ Աուտիզմի առանձնահատկությունները մեծապես տարբերվում են յուրաքանչյուր անձի դեպքում և ընդգրկում են լայն սպեկտր: Ահա թե ինչու ընդունված է խոսել աուտիզմի սպեկտրի խանգարման (ASD) մասին: Աուտիզմը դասակարգվում է որպես նյարդային զարգացման խանգարում, որը բնութագրվում է հաղորդակցության, սոցիալական փոխազդեցության դժվարություններով և վարքային խանգարումներով։
Աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների սովորելու, մտածելու և խնդիրներ լուծելու կարողությունները կարող են տատանվել տաղանդավորից մինչև լուրջ մարտահրավերներ: Իրենց հաղորդակցման յուրահատկության պատճառով նրանք հաճախ խնդիրների են բախվում դպրոցում, համայնքում, տարբեր սոցիալական միջավայրերում կրթության, առողջության պահպանման և մի շարք այլ իրավունքների իրացման, ինքնադրսևորման ու ինքնահաստատման հարցերում։
Աուտիզմ ունեցող անձանց առանձնահատկություններից բխող համապատասխան մոտեցումների ցուցաբերումը և այս ուղղությամբ նպատակային ծրագրերը կարող են նպաստել նրանց անկախ կյանքի հմտությունների զարգացմանը և արդյունավետ սոցիալական ներառմանը՝ այդպիսով ապահովելով նաև նրանց տարբեր իրավունքների իրացումը։
02.04.2025