ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
Խաղը լուրջ և կարևոր գործընթաց է երեխայի համար։ Այն նաև զարգացնող մեծ ներուժ ունեցող գործոն է, որի ճիշտ և նպատակային/թիրախային կիրառումը ծնողների և մասնագետների կողմից կարող է նպաստել երեխաների տարբեր կարողությունների բացահայտմանը, ինչպես նաև դրական առաջընթաց ապահովել հաշմանդամություն և/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
2025թ․ մարտի 28-ին անցկացվեց «ԽԱՂԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» թեմայով առցանց դասընթաց ծնողների համար, որը վարում էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մ․գ․թ․, դոցենտ Էմիլյա Թադևոսյանը։ Դասընթացն կազմակերպվել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» վերապատրաստման դասընթացների շրջանակներում։
Դասընթացի նպատակն էր նպաստել հաշմանդամություն և/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության արդյունավետության բարձրացմանն ու սոցիալական ներառմանը։
Վերապատրաստման ընթացքում Է․ Թադևոսյանը խոսեց երեխայի զարգացման գործընթացում խաղերի նշանակության, դրանց դրական ներգործության կարևորության մասին, ներկայացրեց խաղերի միջոցով երեխաների լեզվական, զգայական, հաղորդակցման խոչընդոտների հաղթահարման հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց խաղերի տարբեր տեսակներին ու դրանց առանձնահատկություններին, մասնավորապես շոշափողական, զգայական զարգացմանը նպաստող, ընդհանուր շարժողականությունը, ինչպես նաև մանր մոտորիկան զարգացնող, հաղորդակցմանը և սոցիալականացմանը նպաստող խաղերին։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից ծնողական համայնքի հետ համագործակցությանն ու նրանց իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
01.05.2025