Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ծնողական համայնքի իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները:
2025թ․ հունվար-ապրիլ ամիսներին «Ինչպե՞ս խթանել երեխայի խոսքի զարգացումը» թեմայով դասընթացներ են իրականացվել Երևանի թիվ 83, Արմավիրի թիվ 4, Գորիսի թիվ 2 և Արթիկ համայնքի Պեմզաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Դասընթացավարն էր ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի լոգոպեդ Քրիստինե Սահակյանը: Դասընթացներին մասնակցել են շուրջ 91 ծնողներ։
Դասընթացների նպատակն էր ծնողներին փոխանցել հմտություններ և հնարներ, որոնք կօգնեն հաղթահարել երեխայի խոսքի զարգացման, ինչպես նաև կրթադաստիարակչական գործընթացում ի հայտ եկող դժվարությունները:
Հանդիպումների ընթացքում դասընթացավարը ներկայացրել է երեխայի խոսքի բնականոն զարգացման հիմնական փուլերը` նշելով, թե ինչ կանխարգելիչ միջամտություններ են անհրաժեշտ երեխայի ինքնաբուխ խոսքի զարգացումը խոչընդոտող գործոնները բացառելու համար։ Խոսելով լոգոպեդական աշխատանքի արդյունավետության մասին՝ շեշտադրվել է լոգոպեդ-ծնող-երեխա շարունակական համագործակցության կարևորությունը։
Ծնողների հետ քննարկվել են երեխայի խոսքի զարգացմանը նպաստող արդյունավետ մեթոդների ու մոտեցումների կիրառման եղանակները։ Ծնողները հաճախ ամբողջովին չեն պատկերացնում` ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացնել, և ինչպիսի՞ խոսքային միջավայր է անհրաժեշտ երեխայի խոսքի զարգացման բնականոն ընթացք ապահովելու համար։ Արդի գլխավոր խորհուրդներից է՝ սահմանափակել երեխայի միայնակ էկրանային դիտումները (հեռուստացույց, հեռախոս, համակարգիչ) և փոխարենը խրախուսել ուղիղ հաղորդակցություն և ակտիվ խաղեր, վաղ տարիքից երեխայի համար ընթերցել ցանկացած բնույթի մատչելի բովանդակությամբ տեքստեր (հեքիաթ, բանաստեղծություն), այնուհետև կամաց-կամաց մեծացնել տեքստերի ծավալները և ակնկալել, որ երեխան կսկսի վերապատմել լսածը։ Խոսքային խանգարումները վաղ բացահայտելու և կանխելու համար առաջարկվում է դիմել համապատասխան մասնագետի։
16.04.2025